Ավստրալացի գիտնականները նոր թեստ են մշակել, որը կօգնի գլաուկոման այսօր գործող տեխնոլոգիաներից եւ անալիզներից 4 տարի շուտ հայտնաբերել: Նոր թեստի շրջանակում հիվանդներին առաջարկվում է նայել տարբեր չափերի լուսարձակող կետերին, որոնք վառվում են տարբեր ինտենսիվությամբ: Եթե մարդը չի տեսնում այդ կետերից որոշները, դա ամենայն հավանականությամբ նշանակում է, որ նրա աչքի մեջ կույր բծեր կան եւ հնարավոր է ծայրամասային տեսողության վաղ կորուստ:
«Գլաուկոման աշխարհում տեսողության անշրջելի կորստի հիմնական պատճառներից մեկն է եւ վաղ փուլերում հիվանդները ոչ մի ախտանիշ չեն զգում եւ չգիտեն, որ իրենց մոտ կուրություն է զարգանում: Հիվանդության պատճառն անհայտ է, դրա դեմ բուժում եւս գոյություն չունի, բայց զարգացումը հնարավոր է արգելակել կաթիլների կամ վիրաբուժության միջոցով` նվազեցնելով աչքի ներսում ճնշումը, այդ պատճառով հիվանդության վաղ հայտնաբերումը եւ համապատասխանաբար վաղ թերապիան կենսականորեն կարեւոր են, որ մարդը չկորցնի տեսողությունը», - պարզաբանել է պրոֆեսոր Մայքլ Կալլոնիատիսը The University of New South Wales-ից, որը ղեկավարում է Աչքի առողջության կենտրոնը:
Ներկայումս վաղ փուլում գլաուկոման հայտնաբերելու համար 4 թեստ են օգտագործում` աչքի ճնշման ստուգում, տեսողական նյարդի ուսումնասիրություն, դիմային աչքի ուսումնասիրություն մեծացնող սարքերի օգնությամբ եւ տեսողության դաշտերի հետազոտություն, որն իրականացվում է հատուկ սարքի միջոցով: Իսկ այժմ գիտնականները կատարելագործել են վերջին ընթացակարգը, որում նախկինում նույն չափի կետեր էին օգտագործվում:
Առաջնային հետազոտմանը 55 մարդ է մասնակցել, որոնցից 13-ի մոտ վաղ գլաուկոմա է հայտնաբերվել: Բոլոր` 55 ստուգվողների մոտ նոր թեստը տեսողության կորստի ավելի մեծ հավանականություն է ցույց տվել, քան ստանդարտ ընթացակարգերը: Այժմ մեթոդն օգտագործվում է The University of New South Wales-ի աչքի առողջության կենտրոնում, մոտ 30 հիվանդ թեստավորում է անցել: Եվ գիտնականները նախատեսել են ապագայում իրենց մեթոդի ավելի ծավալուն կլինիկական փորձարկումներ կատարել:
Պրոֆեսոր Կալլոնիատիսը հույս է հայտնել, որ իր թիմի նոր մշակումը կիրառություն կգտնի ամբողջ աշխարհում եւ գլաուկոմայով հիվանդներին կսկսեն ավելի շուտ բուժել, ինչը կօգնի նրանց մոտ դանդաղեցնել տեսողության կորստի գործընթացը:






