Ավստրալիայի եւ ԱՄՆ-ի գիտնականներն աշխարհում առաջին պատվաստանյութն են մշակել, որը պաշտպանում է Ալցհայմերի հիվանդությունից եւ ձեռքբերովի թուլամտության այլ տեսակներից: Մշակողների խոսքով, այս պատվաստանյութի ներդրումը կօգնի ոչ միայն կանխել ձեռքբերովի թուլամտության զարգացումը, այլեւ բուժել Ալցհայմերի հիվանդության վաղ փուլերում գտնվող հիվանդներին: 

Սա նման բնույթի առաջին մշակումն է: Պատվաստանյութն ազդում է Ալցհայմերի հիվանդությամբ հիվանդների ուղեղում տաու-սպիտակուցների եւ բետա-ամիլոիդի կուտակումների վրա, որոնք ենթադրաբար ազդում են հիվանդության զարգացման վրա: 

Պատվաստանյութի ներմուծումից հետո իմունային համակարգը սկսում է այդ սպիտակուցների դեմ հակամարմիններ մշակել, ինչը հանգեցնում է դրանց ոչնչացմանը: Մշակողների կարծիքով, պատվաստանյութի արդյունավետությունը կապված է այն բանի հետ, որ այն ազդում է եւ բետա-ամիլոիդների, եւ տաու սպիտակուցների վրա: 

Նման պատվաստանյութը, ինչպես նշել է Նիկոլայ Պետրովսկին Flinders University-ից, կարող է օգտագործվել ձեռքբերովի թուլամտության կանխարգելման նպատակով:   

Առայժմ ձեռքբերովի թուլամտության դեմ պատվաստանյութը փորձարկվել է բջջային մշակությունների եւ մկների վրա: Ենթադրվում  է, որ մարդկանց վրա պատվաստանյութի փորձարկումը կսկսվի առաջիկա երկու-երեք տարվա ընթացքում: Չի կարելի երաշխավորել, որ այն հաջող կընթանա, սակայն մշակողները հույս ունեն, որ այն արդյունավետ կլինի եւ հետագայում կսկսի օգտագործվել կլինիկական պրակտիկայում: