Աղիներում բակտերիաների դիսբալանսը կարող է ինսուլինի հանդեպ դիմադրողականություն առաջացնել, ինչն իր հերթին կարող է հանգեցնել երկրորդ տեսակի դիաբետի զարգացման: Պրոբիոտիկները, որոնք բարելավում են միկրոֆլորայի վիճակը, տեսականորեն կարող են օգնել այդ հիվանդության կանխարգելմանը: Այդ մասին հայտնում են University of Copenhagen-ի գիտնականները (Դանիա):

Նրանց անցկացրած հետազոտությունը եւս մեկ անգամ հաստատել է մարդու առողջության համար աղիների միկրոֆլորայի կարեւորությունը. գիտնականները նախկինում էլ էին պնդում, որ աղիքային բակտերիաները մեծ դեր են խաղում մի շարք հիվանդությունների կանխարգելման գործում` ոչ միայն դիաբետի, այլեւ ճարպակալման, ցրված սկլերոզի, հոդացավի եւ այլն: 

Գիտնականների վերոհիշյալ հետազոտության մեջ 277 առողջ եւ դիաբետով հիվանդ 75 մարդ է մասնակցել: Հետազոտողները հետեւել են արյան մեջ ավելի քան 1200 մետաբոլիտների խտությանը, հետեւել են ինսուլինի աշխատանքին:  Նրանք նաեւ աղիքային տրակտի հարյուրավոր բակտերիաների` ԴՆԹ-ի հիման վրա խորացված հետազոտություն են կատարել` պարզելու, թե արդյոք աղիների միկրոբիոտայի դիսբալանսն ի վիճակի է նյութափոխանակային եւ սրտանոթային խանգարումներ առաջացնել: 

Ապացուցվել է, որ այն մարդիկ, որոնց մոտ ինսուլինը վատ է աշխատում եւ որոնց մոտ այս հորմոնի հանդեպ դիմադրողականություն է զարգացել, արյան մեջ ամինաթթուների BCAAs խմբի բարձր մակարդակ են ունեցել: Այդ ամինաթթուները նաեւ նպաստել են աղիների միկրոբիոտայի փոփոխություններին: Միաժամանակ երկու բակտերիա` Prevotella copri եւ Bacteroides vulgatus անվանումով, աղիների բակտերիաներում BCAAs-ի կենսասինթեզի հիմնական խթանիչներն են եղել:

Ստուգելու համար, թե արդյոք այդ բակտերիաները ինսուլինի հանդեպ դիմադրության իրական պատճառն են, հետազոտողները մկներին երեք շաբաթ Prevotella copri բակտերիաներ են տվել: Վերահսկիչ խմբի կրծողների համեմատ, որոնք նորմալ սնունդ են ստացել, բակտերիաներով սնվող մկները արյան մեջ BCAAs-ի բարձր ցուցանիշ են ցույց տվել եւ գլյուկոզայի հանդեպ անընկալունակություն:  

Այս հետազոտության մասին պատմում է Nature ամսագիրը: