Քաղցելը եւ դիմացկունության ֆիզիկական վարժությունները կանխում են տելոմերների արագ կարճացումը, ինչի շնորհիվ դանդաղեցնում են օրգանիզմի ծերացումը` փորձարկման միջոցով ապացուցել են Բելգիայից եւ Գերմանիայից գիտնականները: Հետազոտությունը հրապարակվել է  Science Advances ամսագրում:

Փորձերի առաջին փուլում գենետիկները անալիզի են ենթարկել մարդու քրոմոսոմների հատվածները եւ այնտեղ PGC-1α սպիտակուցն են հայտնաբերել: Պրոտեինը տելոմերների հետ փոխգործակցում է այն հատվածում, որտեղ տեղի է ունենում TERRA մոլեկուլի արձանագրում: Վերջինս իրենից ներկայացնում է կոդավորվող ՌՆԹ, որն ապահովում է տելոմերների ամբողջականությունը:  

Երկրորդ փուլում գիտնականները հայտնաբերել են, որ PGC-1α սպիտակուցը մասնակցում է բջջի էներգետիկ փոխանակմանը: Մասնավորապես, պրոտեինները հանդես են գալիս փոխանցիչների դերում, որոնք գործարկում են   TERRA մոլեկուլի արձանագրումը տարբեր խթանների ի հայտ գալու դեպքում, մասնավորապես` դիմացկունության ֆիզիկական վարժությունների եւ կալորիականության սահմանափակման: 

Գիտնականների կողմից տասը առողջ կամավորի նկատմամբ փորձարկումները ցույց են տվել, որ 45 րոպե հեծանիվ քշելու ընթացքում վերջիններիս կմախքային մկաններում աճել է TERRA մոլեկուլների թիվը: Իր հերթին դա դրականորեն է փոխազդել   AMPK ֆերմենտի ակտիվացիայի հետ, որը մասնակցում է PGC-1α-ի գործարկմանը:

Հեծանվորդների դիտարկումները եւ մարդու աճեցվող մկանային հյուսվածքների հետ կապված փորձարկումները գիտնականներին թույլ են տվել ենթադրել, որ  TERRA մոլեկուլի արձանագրումը կարգավորվում է AMPK ֆերմենտի կողմից, որի արտազատումը տեղի է ունենում ֆիզիկական վարժություններից հետո եւ քաղցելու դեպքում:   Գիտնականների հետազոտությունը փորձարարական եղանակով հաստատում է ֆիզիկական վարժությունների եւ քաղցելու արդյունավետությունը որպես ծերացումը զսպող միջոցներ:  

Տելոմերները իրենցից ներկայացնում են քրոմոսոմների եզրային հատվածներ, որոնք, ենթադրաբար քրոմոսոմներում պաշտպանական գործառույթ են կատարում: Նորածին տարիքից սկսած` դրանց չափերն աստիճանաբար կրճատվում են. հասուն տարիքում միջինը երկու անգամ, իսկ տարեց հասակում` չորս: Գիտնականները կարծում են, որ դա մարդու օրգանիզմի ծերացման պատճառներից մեկն է: