Կույր աղիքի եւ նշագեղձերի հեռացումից հետո կանայք սովորաբար ավելի բեղուն են լինում եւ ավելի հեշտորեն են հղիանում: Այդ մասին հայտնում են Մեծ Բրիտանիայում Դանդիի համալսարանի գիտնականները: 

Նրանց խոսքով, իրենց հետազոտությունը պետք է կանանց համոզի, որ հակառակ տարածված կարծիքին, նշագեղձերի կամ կույր աղիքի հեռացումը չի նվազեցնում հղիանալու շանսերը, այդ պատճառով չարժե վախենալ այդ վիրահատություններից: 

Դրանում համոզվելու համար գիտնականներն ուսումնասիրել են ամբողջ Մեծ Բրիտանիայում հարյուր հազարավոր կանանց վերաբերյալ բժշկական գրառումները: Պարզվել է, որ կույր աղիքի հեռացումից հետո կնոջ` հաջող հղիանալու շանսերը 54,4 տոկոս են կազմել, իսկ նշագեղձերի հեռացումից հետո` 53,4 տոկոս: Առավել մեծ շանսեր են ունեցել նրանք, ովքեր եւ կույր աղիքն են հեռացրել, եւ նշագեղձերը` 59,7 տոկոս: Միաժամանակ միջին վիճակագրական կնոջ հղիանալու հավանականությունը ընդամենը 43,7 տոկոս է կազմում: Կույր աղիքի եւ նշագեղձերի միաժամանակյա հեռացումը նաեւ էականորեն կրճատել է այն ժամանակը, որն անհրաժեշտ է հաջող բեղմնավորման համար: 

Իրենք` գիտնականները չեն կարողանում բացատրել կույր աղիքի եւ նշագեղձերի հեռացման եւ հղիանալու հավանականության միջեւ կապի մեխանիզմը: Ամբողջ հարցը գուցե նման վիրահատություններ տարած կանանց պահվածքն է: Ընդ որում, պետք չէ հեռացնել առողջ նշագեղձերը կամ կույր աղիքը, ընդգծում են մասնագետները: