Փորձագետները մեծ հետազոտություն են սկսել, որպեսզի պարզեն՝ կկարողանան արդյոք հաբերը, որոնք նույնպիսի սննդանյութեր են պարունակում, ինչ մուգ շոկոլադը, կանխել կաթվածն ու ինֆարկտը, փոխանցում է Fox News-ը: Հաբերն այնքան սննդանյութեր են պարունակում, որ նույնն է, թե հետազոտության մասնակիցները՝ 18.000 տղամարդ ու կին ԱՄՆ-ից, անհամար շոկոլադե սալիկ ուտեին:
«Մարդիկ շոկոլադ են ուտում, որովհետեւ դա նրանց դուր է գալիս, ոչ թե որովհետեւ այն օգտակար է, իսկ հետազոտության գաղափարը ստուգելն է՝ շոկոլադն առողջության համար օգտակար բաղադրիչ պարունակում է, թե ոչ, եթե հանենք շաքարն ու ճարպը»,- ասում է Բոսթոնի Brigham and Women's Hospital հիվանդանոցի կանխարգելիչ բժշկության բաժանմունքի ղեկավար բժիշկ Ջո Անն Մենսոնը: Սա կլինի կակաոյի ֆլավանոլների առաջին մեծ թեստը, որոնք, ինչպես ցույց են տվել նախկին փոքր հետազոտությունները, լավացնում են զարկերակային ճնշումը, խոլեստերինը, օրգանիզմի կողմից ինսուլինի յուրացումը, սրտի աշխատանքն ու սրտի հետ կապված այլ գործոններ:
Հետազոտության երկրորդ հատվածում փորձագետները կստուգեն քաղցկեղը կանխող պոլիվիտամինները՝ պարզելու համար՝ պոլիվիտամինները կկարողանան բնակչության լայն շերտի դեպքում նվազեցնել քաղցկեղի առաջացման ռիսկը, թե ոչ:
Հետազոտությունը ֆինանսավորում են՝ Սրտի, թոքերի եւ արյան ազգային ինստիտուտը, «Մարս» ընկերությունը, M&M's կոնֆետ եւ «Սնիքերս» արտադրողը: Հրուշակեղեն արտադրող ընկերությունն արտոնագրել է կակաոյից բարձր կոնցենտրացիայով ֆլավանոլների առանձնացման միջոցն ու դրանց տեղավորումը պատիճների մեջ: «Մարս»-ը եւ որոշ այլ ընկերություններ կակաոյի էքստրակտով պատիճներ են վաճառում, բայց պակաս ակտիվ բաղադրիչներով, որոնք կօգտագործվեն հետազոտության մեջ (նույնիսկ հենց կոնֆետներն այդքան չեն պարունակում):
Մասնակիցներին 4 տարվա ընթացքում պլացեբոյի հաբեր կամ օրական երկու պատիճ կակաոյի ֆլավանոլ կտան, եւ նրանցից ոչ մեկը՝ ո՛չ մասնակիցները, ո՛չ հետազոտության ղեկավարները, չեն իմանա՝ փորձի շրջանակներում ով ինչ է ընդունել: Ֆլավանոլի պատիճները ծածկույթով են եւ առանց համի, ասում է Մենսոնը, ով անձամբ ընդունել է դրանցից: Փորձի երկրորդ հատվածում մասնակիցներին պլացեբոյի հաբեր կամ մուլտիվիտամիններ կտան, որոնք սննդանյութերի լայն շրջանակ են ընդգրկում: Մասնակիցներին կընտրեն արդեն արված փորձերից՝ փող եւ ժամանակ խնայելու համար, ասում է Մենսոնը, թեև հնարավոր է՝ առանձին մարդկանց թույլատրվի մասնակցել հետազոտությանը:
Կանայք կհավաքագրվեն Women's Health Initiative study ծրագրից՝ հետազոտության երկարաժամկետ նախագծից, որը ցույց է տվել, որ դաշտանադադարի համար հորմոնալ հաբերն ավելի շուտ մեծացնում են սրտի հետ կապված խնդիրների ռիսկը, այլ ոչ նվազեցնում, ինչպես ընդունված էր կարծել: Տղամարդկանց կընտրեն այլ մեծ նախագծերից:






