Ֆրենկի Լեւիսը դարձել է Մեծ Բրիտանիայի առաջին հիվանդը, որը ողնաշարի վիրահատության է ենթարկվել մոր արգանդում։ Այդ անսովոր վիրահատությունից 2 օր անց Ֆրենկին սկսել է քայլել, թեպետ բժիշկները վստահ էին, որ նա ամբողջ կյանքն անցկացնելու է հաշմանդամի սայլակին գամված։
37—ամյա Ջինայի հղիության 20-րդ շաբաթվա ընթացքում բժիշկները պտղի մոտ ողնաշարի ճեղքվածք էին հայտնաբերել։ Դա բնածին դեֆեկտ է, որի արդյունքում ողնաշարը սխալ է ձեւավորվում։ Կնոջն առաջարկել էին կամ աբորտ անել կամ ունենալ երեխային եւ փորձել շտկել դեֆեկտը վիրահատության ժամանակ։ Ջինան եւ նրա ամուսինը՝ Դենը, համացանցում ապագա երեխայի դեֆեկտի մասին տեղեկություն էին փնտրել եւ իմացել, որ հնարավոր է վիրահատական ճանապարհով շտկել դա դեռեւս նախքան երեխայի ծնվելը, թեպետ Մեծ Բրիտանիայում նման վիրահատություններ չէին անում։
Այդ ժամանակ զույգը մեկնել էր Բելգիա, որտեղ պրոֆեսոր Ժան Դեպրեստը վիրահատել էր չծնված աղջկան մոր հղիության 24-րդ շաբաթվա ընթացքում։ Երեխայի ողնաշարին հասնելու համար վիրաբույժները ստիպված էին կտրել մոր որովայնը, արգանդը եւ ամնիոտիկ պարկը, որում զարգանում է պտուղը։ Իսկ որպեսզի աղջիկը ժամանակից շուտ չծնվեր, նրա դեմքը վիրահատության ժամանակ թողել են ամնիոտիկ հեղուկի մեջ։
Վիրահատությունը տեւել է 2 ժամ, դրան մասնակցել է 22 մասնագետ։ Վիրահատության համար վճարել էր NHS European Cross Border Funding–ը։
Փոքրիկ Ֆրենկին բարեհաջող լույս աշխարհ էր եկել նախատեսված ժամկետում։ Ծնվելուց հետո նա սկսել էր շարժել ոտքերը, ինչն ապացուցել էր, որ վիրահատությունը բարեհաջող է անցել։ Հիմա նա 2 տարեկան է եւ կարողանում է քայլեր ոտնաքայլակի միջոցով, եւ դա նրան հաջողվում է ավելի լավ, քան նրա ծնողներն ու բժիշկները կարող էին հուսալ։






