Բոլոր կլինիկաբանները եւ ռադիոլոգները գիտեն, որ ուռուցքը կարելի է ախտորոշել մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայով, սակայն քաղցկեղի տարածման աստիճանը որոշելու համար անհրաժեշտ է համակարգչային տոմոգրաֆիա: ՄՌՏ-ի համար ստեղծված նոր հատուկ ծրագիրը, որը հիմնված է դիֆուզիայի մեթոդի վրա, հնարավորություն է տալիս ախտահարված օջախները հայտնաբերել դեռեւս զարգացման նախնական փուլում հենց ՄՌՏ-ի միջոցով: ՄՌՏ-ի օգնությամբ ամբողջական օնկոսքինինգի մասին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում կազմակերպված սեմինարի ժամանակ խոսել է կլինիկայի ռադիոլոգ Անուշ Մարալյանը:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում նա պարզաբանեց, որ օնկոսքրինինգը հիվանդի գլխից մինչեւ փոքր կոնքի մեկանգամյա հետազոտությունն է, որը տեւում է 35-40 րոպե եւ ուռուցքային բոլոր օջախները հայտնաբերելու հնարավորություն է ընձեռում: Սա հետազոտության նոր մեթոդ է ոչ միայն Հայաստանի համար, այն նոր է յուրացվում ամբողջ աշխարհում:

Ռադիոլոգի խոսքով՝ խորհուրդ է տրվում մեթոդը կիրառել հետեւյալ դեպքերում.
1. Երբ կան կլինիկա-լաբորատոր տվյալներ, որ գործ ունենք ուռուցքային պրոցեսի հետ, եւ անհրաժեշտ է հայտնաբերել օջախը:
2. Երբ արդեն հայտնաբերվել է առաջնային օջախը, եւ խնդիրը մետաստազային օջախների հայտնաբերումն է:
3. Երբ ՄՌՏ կամ համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտմամբ նախ հայտնաբերվել են մետաստազները եւ անհրաժեշտ է գտնել ուռուցքի առաջնային օջախը:
4. Երբ պետք է ստուգել, արդյո՞ք վիրահատությունից հետո կան ռեցիդիվներ:
5. Ճառագայթային եւ քիմիաթերապիայի արդյունավետությունը վերահսկելու համար:
6. Պարբերաբար կանխարգելիչ-պրոֆիլակտիկ հետազոտությունների դեպքերում
Ռադիոլոգը հավելեց, որ ՄՌՏ ախտորոշման ներկայիս մակարդակն արդեն հնարավորություն է ընձեռում ոչ միայն բացահայտել՝ կա՞ չարորակ ուռուցք, թե՝ ոչ, այլեւ որոշել չարորակության աստիճանը եւ դրա անոթային համակարգի զարգացման աստիճանը:
«Իզմիրլյան» ԲԿ-ի նյարդաբան Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց ուղեղի լիմբիկ համակարգի ախտորոշման տոպոգրաֆիական մեթոդը:

Մեզ հետ զրույցում նա պարզաբանեց, որ լիմբիկ համակարգը գլխուղեղի մի շարք կառույցների ընդհանրություն է, որը կարեւոր դերակատարում ունի տարբեր էմոցիոնալ եւ վեգետատիվ ռեակցիաների ձեւավորման մեջ, զգալի ազդեցություն ունի պայմանական ռեֆլեքսային գործունեության վրա եւ մասնակցում է պահվածքի մոտիվացիային:

Նրա խոսքով՝ ուղեղի այդ հատվածների ախտաբանությունների տոպոգրաֆիկ ախտորոշումն ուղեղի նյարդաբանական պաթոլոգիաների ախտորոշման ցանկում բացակայում է: Չնայած վերջին շրջանում կուտակված փորձարարական տվյալները ցույց են տալիս, որ ուղեղի լիմբիկ համակարգի ախտաբանությունները նյարդաբանության խնդիր են: Խոսքը նեւրոզների կամ այնպիսի վիճակների մասին է, որոնց դեպքում մարդիկ հոգեբանի օգնությանն են դիմում, երբեմն էլ՝ հոգեբույժի, բայց ոչ նյարդաբանի: Բայց խնդիր կա պարզելու, թե հատկապես ինչ փոփոխություններ են տեղի ունենում ուղեղի լիմբիկ համակարգում, որոնք հանգեցնում են այդ վիճակներին: Բժիշկը կարծում է, որ գլխուղեղի բազմաչափանիշային ՄՌՏ-ախտորոշման նոր մեթոդը, որ ներդրվել է «Իզմիրլյան» ԲԿ-ում, կօգնի հետազոտել այդ խնդիրը:
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը պատմեց, որ մեկ տարի առաջ կենտրոնը վերջին սերնդի մագնիսա-ռեզոնանսային եւ համակարգչային տոմոգրաֆներ է ձեռք բերել, թվային ռենտգենի կաբինետ ստեղծել, որը նախադեպը չունի տարածաշրջանում, շարժական ռենտգեն, ինչպես նաեւ վերջին սերնդի ուլտրաձայնային հետազոտության երկու սարք ձեռք բերել:

«Դա մեզ հնարավորություն ընձեռեց ստեղծել համալիր, ամբողջական ճառագայթային ախտորոշման ծառայություն։ Մենք երեք չափանիշով ենք առաջնորդվել. առաջինը՝ սարքի սերունդը, որակն ու տեխնիկական հնարավորությունները, երկրորդը՝ մասնագետի որակավորումը, որպեսզի նա կարողանա ճիշտ վերծանել ստացված տվյալները, եւ երրորդը՝ սարքի հնարավոր ծրագրերը։
Մենք այսօր ՄՌՏ-ի համար երկու եզակի ծրագիր ունենք, որոնք Հայաստանում դեռեւս միակն են։ Առաջինը կրծքագեղձի ՄՌՏ-ի ծրագիրն է, երկրորդը՝ դիֆուզիոն օնկոսքրինինգը: Դրանով մենք կարող ենք ուռուցքաբանական հետազոտություն կատարել եւ հիվանդությունը գտնել ամենասաղմնային վիճակում։ Կամ եթե ինչ-որ տեղ արդեն հայտնաբերվել է օնկոլոգիական հիվանդություն, ամբողջ օրգանիզմը կարող ենք ՄՌՏ-սքրինինգ անել (մինչ այդ ԿՏ էինք անում) եւ տեսնել, թե այլ տեղերում հիվանդության տարածում կամ մետաստազների առաջացման վտանգ կա, թե՞ չէ։
Դա դիֆուզիոն օնկոսքրինինգ է, այսինքն՝ ամենասաղմնային վիճակում, անգամ հյուսվածքաբանական փոփոխությունների մակարդակում կարելի է հայտնաբերել քաղցկեղը։ ԿՏ-ն հայտնաբերում է օրգանական փոփոխությունները, երբ ինչ-որ ծավալ կա կամ քայքայման գոտի, իսկ այս դեպքում, դեռեւս այդ գոտիների առաջացումից առաջ, արդեն հայտնաբերում ենք։ Սա է ամենակարեւորը»,- ասաց Արմեն Չարչյանը։






