Աղմուկը մարդուն, կարծես, ոչ մի ֆիզիկական վնաս չի պատճառում. այն թունավոր գազ չէ եւ ոչ էլ սուր մեխ, որից կարելի է վնասվել: Մինչդեռ գիտնականները ենթադրում են, որ աղմուկը, այնուամենայնիվ, կարող է առողջությանը վնաս հասցնել, ըստ որում՝ բավական շոշափելի:
Եթե շրջակայքում աղմկոտ է, մարդը ենթագիտակցորեն մտածում է, որ վտանգի մեջ է: Ժամանակակից մարդկանց նախահայրերը ողջ են մնացել նաեւ այդ զգացողության շնորհիվ. կողմնակի ձայները նրանց զգուշացնում էին, որ շուտով հարկ կլինի փախչել կամ մարտնչել: Օրգանիզմն աղմուկին արձագանքում է սթրեսի հորմոնի՝ ադրենալինի եւ նորադրելանինի արտադրմամբ, իսկ աղմուկի երկարատեւ ներգործության դեպքում՝ նաեւ կորտիզոլի: Կորտիզոլի բարձր մակարդակը կարող է հանգեցնել խնդիրների մի ամբողջ սպեկտրի զարգացման՝ գրգռված աղիների ախտանիշի, գլխացավերի, անքնության, արյան ճնշման բարձրացման եւ նույնիսկ անպտղության:
Հետազոտությունները քանիցս ցույց են տվել, որ աղմուկի բարձր մակարդակը մարդու առողջության վրա բացասաբար է ազդում: Օրինակ՝ օդանավակայանին կամ մայրուղուն մոտ բնակվող մարդիկ ավելի հաճախ են տառապում սիրտ-անոթային հիվանդություններով, այդ թվում՝ կաթվածով, նրանց շրջանում ավելի մեծ է նաեւ վաղաժամ մահանալու հավանականությունը: Յուրաքանչյուր ավելորդ 10 դեցիբելը հավանականությունը մեծացնում է 7-17 տոկոսով: Աղմուկի մշտական 55 դեցիբել մակարդակը (օրինակ՝ խոսակցությունը կամ ոչ այնքան ծանրաբեռնված մայրուղին) կարող է հարուցել ճնշման բարձրացում կամ սրտի նոպա. այս մասին նախազգուշացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Վնասակար կարող է լինել նույնիսկ գրասենյակային սովորական աղմուկը. Cornell University-ի մասնագետները պարզել են, որ բաց տեսակի գրասենյակներում աշխատող կանանց շրջանում սթրեսի հորմոնի մակարդակն ավելի բարձր է, բացի այդ՝ աշխատանքի մոտիվացիան ավելի ցածր է:
Առնվազն 20 գիտական աշխատության արդյունքների համաձայն՝ աղմուկի բարձր մակարդակով տեղանքում մեծացած երեխաներն իրենց հասակակիցներից հետ են մնում՝ ընթերցելու, հիշողության եւ խոսքի առումով: Queen Mary University-ի գիտաշխատող պրոֆեսոր Ստեֆեն Սթենսֆելդը նշել է, որ 5 դեցիբելով աղմուկի մակարդակի բարձրացումը տարիքին երկու ամիս է «ավելացնում», երբ երեխան սկսում է կարդալ:
Ամեն ինչից զատ, աղմուկը վնասակար է նաեւ կազմվածքի համար. Շվեդիայի գիտնականներն ապացուցել են, որ 45 դեցիբել մակարդակից սկսած՝ յուրաքանչյուր լրացուցիչ 5 դեցիբելը գոտկատեղի շրջագիծը 2 մմ-ով մեծացնում է:
Իրականացվել են նաեւ լռության օգուտն ապացուցող հետազոտություններ: Այսպես՝ օրական ոչ պակաս 2 ժամ լռության մեջ անցկացնող մկների հիպոկամպում արտադրվել են ուղեղի նոր բջիջներ, որը դրականորեն է ներգործել նրանց հիշողության եւ մտավոր գործառույթների վրա:






