Դեղեր ընդունելիս որոշ մթերքներ չի կարելի ուտել, դրանք կարող են ոչ միայն նվազեցնել դեղամիջոցների ազդեցությունը, այլեւ կողմնակի ազդեցություններ առաջացնել, պարզել են գիտնականները:

Փորձագետները մթերքների ոչ մեծ ցուցակ են կազմել, որոնք խորհուրդ չի տրվում սննդակարգում կիրառել որոշ տեսակի դեղամիջոցներ ընդունելիս:

Ցիտրուսներ

Նարինջը, մանդարինը եւ թուրինջը ազդում են շատ դեղերի նյութափոխանակության վրա՝ ստատինների, բետա-բլոկատորների, հոգեմետ դեղամիջոցների եւ նույնիսկ որոշ ցավազրկողների: Դա պայմանավորված է թուրինջի մեջ պարունակվող ֆուրանոկումարիններով , որոնք բույսերի կողմից արտադրվող օրգանական նյութեր են:

Ցիտրուսների հյութի կազմի մեջ են մտնում բերգամոտինը եւ դրա ածանցյալները. դրանք ունակ են ճնշելու մի շարք ֆերմենտների աշխատանքը, որոնք գործում են լյարդի եւ բարակ աղիի մեջ, օրինակ՝ ցիտրոքրոմ P450-ի ձեւերից մեկի: Դա հանգեցնում է նրան, որ դեղերն ավելի երկար են ակտիվ մնում, քան անհրաժեշտ է, որը կարող է դեղամիջոցի գերչափաքանակ առաջացնել: Այս երեւույթը հայտնի է որպես  «թուրինջի հյութի էֆեկտ»:

Դրանից զատ, թուրինջի եւ մյուս զիտրուսների հյութում պարունակվող նյութերը կարող են խափանել փոխադրող մոլեկուլների բնականոն աշխատանքը. արդյունքում՝ բջիջների մեջ չափազանց քիչ կամ չափազանց շատ դեղամիջոց է ընկնում:

Պանիր

Պանրի տեսակների վիթխարի քանակ կա, որոնք միմյանցից տարբերվում են  պատրաստման եղանակով եւ համային որակով: Պարզվում է՝ երկար պահած կոշտ պանիրները կարող են ազդել հակադեպրեսանտների արդյունավետության վրա, որոնք դասվում են մոնոամինոօքսիդազի ինհիբիտորների շարքին:

Այդ պանիրները մեծ քանակով տիրամին են պարունակում, որն օժտված է անոթները նեղացնող գործողությամբ: Մոնոամինոօքսիդազի ինհիբիտորները խոչընդոտում են տիրամինի օքսիդացմանը, ինչը ճնշման բարձրացման է հանգեցնում: Հակադեպրեսանտի ընդունման էֆեկտը դեղամիջոցի օգտագրծումը դադարեցնելուց հետո պահպանվում է մի քանի շաբաթ շարունակ: Դա նշանակում է, որ հիվանդները պետք է ձեռնպահ մնան երկար պահվող կոշտ պանիրներ օգտագործելուց նույնիսկ հակադեպրեսանտների ընդունումն ավարտելուց հետո:

Բանան

Բանանը կալիումի աղբյուրն է, իսկ կալիմումը կարեւոր է  սրտի եւ մկանների բնականոն աշխատանքի համար: Կալիումի եւ պակասը, եւ ավելցուկը կարող են լուրջ հետեւանքների հանգեցնել:

Զարկերակային հիպերտենզիայով տառապող մարդիկ հաճախ անգիոտենզինափոխակերպման ֆերմենտի ինհիբատոր են ընդունում. դեղամիջոցներ,  որոնք ճնշում են անգիոտենզինափոխակերպման ֆերմենտի աշխատանքը: Դրա հետեւանքով անգիոտենզին I-ը չի փոխակերպվում անգիոտենզին II-ի, որը անոթները նեղացնող էֆեկտ ունի:  Անգիոտենզինափոխակերպման ֆերմենտի ինհիբատորի ընդունմամբ հարուցված բարդությունների շարքին է պատկանում հիպերկալիումացումը: Բանանի, լոբազգիների եւ կալիումով հարուստ այլ մթերքների կիրառումն այս էֆեկտն ուժեղացնում է: