Իրենց առողջության համար չափից ավելի անհանգստացող (նման անհանգստության ամենաարտահայտված ձեւը մելամաղձությունն է) մարդկանց շրջանում սրտի իշեմիկ հիվանդության եւ սիրտ-անոթային այլ հիվանդությունների առաջացման հավանականությունը 73 տոկոսով մեծ է՝ առավել հանգիստ, ոչ մի տագնապալի խանգարում չունեցող մարդկանց համեմատութամբ: Այս մասին հայտնում են Helse Bergen-ի (Նորվեգիա) գիտնականները:

Տագնապալի խանգարումները բնութագրվում են որեւէ լուրջ առիթից զուրկ մշտական անհանգստությամբ: Տագնապալի խանգարումներով տառապող մարդիկ կարող են վատ քնել, դժվարությամբ կենտրոնացնել ուշադրությունը, նրանք հաճախ են նյարդայնանում այնպիսի բաների հետեւանքով, որոնք առողջ մարդիկ նման վերաբերմունքի արժանի չէին համարի: Խանգարումը կարող է երեւան գալ նաեւ ֆիզիկական մակարդակում, օրինակ՝ սրտի զարկերի արագացմամբ:

Նախկինում արդեն ապացուցվել է, որ տագնապալի խանգարումներով մարդիկ մյուսներից 48 տոկոսով ավելի հաճախ են մահանում սրտային հիվանդություններից: Օրինակ՝ հայտնաբերվել է, որ դեպրեսիայի եւ կորոնար անբավարարության առաջացման միջեւ կապ կա:

Լին Իդեն Բերգի ղեկավարությամբ գիտնականները որոշել են լացուցիչ հետազոտել առողջության համար տագնապի եւ բուն առողջության միջեւ փոխկապվածությունը: Նրանք օգտվել են առողջապահության դաշնային եւ շրջանային դեպատամենտների հետ համատեղ University of Bergen-ի իրականացրած հետազոտության տվյալներից: Այս հետազոտությունը 12 տարի է տեւել, որին մասնակցել է 1953-1957 թվականներին ծնված ավելի քան 7000 մարդ: Առաջին տվալները հավաքվել են 1997-1999 թվականներին. Հարցվողները պատասխանել են իրենց առողջությանը, կենսակերպին եւ կրթությանը վերաբերող հարցերի, նրանք արյան անալիզ են հանձնել, չափվել է նրանց արյան ճնշումը, հասակը, քաշը, նաեւ գնահատվել է տագնապի մակարդակը՝ Ուայթլիի մելամաղձության ինդեքսի միջոցով: Եթե այս սանդղակով մարդը 90 եւ ավելի տոկոս է ստանում, ենթադրվում է, որ նա տագնապալի խանգարում ունի:

12 տարիների ընթացքում 234 (3,2 տոկոս) մասնակիցների մոտ ախտորոշվել է սրտի իշեմիկ հիվանդություն կամ սուր ստենոկարդիա: Այն մասնակիցները, ում մոտ գիտնականները տագնապալի խանգարում են կասկածել, երկու անգամ ավելի հաճախ են բժշկի դիմել այս սուր վիճակների հետ կապված, քան հանգիստ մարդիկ՝  6,1 տոկոս ընդդեմ 3 տոկոսի: Նույնիսկ պաթոլոգիայի առաջացման այլ հնարավոր պատճառները հաշվի առնելով՝  անհանգիստ հիվանդները 73 տոկոսով ավելի հաճախ են հիվանդացել:

Հետազոտողներն ընդգծել են, թե նույնիսկ այն, որ իրենց առողջության համար անհանգիստ մարդիկ հետեւել են հիվանդության ախտանշանների երեւան գալուն, նրանց շրջանում չի նվազեցրել կորոնար անբավարարության առաջացման հավանականությունը: Հակառակը՝ եթե մարդն առողջության պատճառով նյարդայնացել է, նրա օրգանիզմը մշտապես սթրեսի վիճակում է եղել, ինչն իր հերթին կարող էր բացասաբար ազդել սրտի վիճակի վրա: