Բոլորը գիտեն, որ առողջ կենսակերպը, որը ներառում է ծխելուց հրաժարվելը, կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը եւ քաշը նորմայի սահմաններում պահելը, նվազեցնում է սրտի հիվանդությունների առաջացման վտանգը: Բայց կարո՞ղ է, արդյոք, առողջ ապրելակերպն օգնել նման հիվանդությունների հանդեպ ժառանգական հակվածություն ունեցող մարդկանց:

Massachusetts General Hospital-ի մասնագետների հավաստմամբ՝ այո: Եթե անգամ մարդու մոտ կաթվածի եւ սրտի այլ հիվանդությունների հանդեպ բարձր ժառանգական վտանգ կա, առողջ կենսակերպը կարող է առնվազն կրկնակի նվազեցնել այն:

Մոլորակի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչ գեների համալիր ունի, որոնք զգալիորեն մեծացնում են սրտի կաթվածի վտանգը: Բայց նույնիսկ այդ մարդիկ կարող են վերահսկել սեփական ճակատագիրն ու խուսափել կաթվածից, ինչն էլ ապացուցել են նշված կլինիկայի գիտնականները:

Եթե ուզում եք խուսափել սրտի կաթվածից, գիտնականները խորհուրդ են տալիս լավ մարզավիճակում մնալ, խուսափել ծխելուց եւ պահպանել կազմվածքը: Հենց այս երեք գործոնների համադրությունն է նվազեցնում սրտի հիվանդությունների առաջացման վտանգը:

«Մեր հետազոտության հիմնական ուղերձն այն է, որ ԴՆԹ-ն չի կանխորոշում մարդու ճակատագիրը: Շատ մարդիկ՝ ինչպես բժիշկները, այնպես էլ պարզ քաղաքացիներ, ժառանգական գործոնն ինչ-որ անխուսափելի բան են համարում: Բայց սրտի մի շարք հիվանդությունների, մասնավորապես՝ կաթվածի տեսանկյունից այդպես չէ»,- ասել է գիտնականները:

Հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են 55 հազար կամավորի տվյալները, որոնք մասնակցել են մի քանի լայնածավալ հետազոտության: Առանձնացրել են նրանց, ում մոտ ժառանգական գործոնների պատճառով կաթվածների վտանգը միջին վիճակագրական ցուցանիշից երկու անգամ ավելին է եղել: Բայց երբ այդ մարդիկ սկսել են առողջ կենսակերպ վարել, տարբերությունը գրեթե զրոյի է հավասարվել: Այս հետազոտությունը եւս մեկ անգամ ընդգծել է առողջ կենսակերպի անհրաժեշտությունը եւ հաստատել, որ դա ժառանգականության վտանգներից ավելի ուժեղ է: