«Դեղերի մասին» օրենքով կարգելվի հակաբիոտիկների վաճառքն առանց բժշկի դեղատոմսի: Սա անհրաժեշտ միջոցառում է, որը կօգնի հակաբիոտիկների սխալ օգտագործման դեմ պայքարին: Այսպիսի տեսակետ հայտնեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության Երեւանի գրասենյակի ղեկավար Եգոր Զայցեւը:
«Սա (հակաբիոտիկները բացառապես բժշկի դեղատոմսով վաճառելը) շատ ճիշտ է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 100 տոկոսով աջակցում է (օրենքում այդպիսի հոդվածի առկայությանը), որովհետեւ սա այն միջոցառումն է, որն այսօր անհրաժեշտ է»,- նշեց ԱՀԿ ներկայացուցիչը:
Հակաբիոտիկները մարդկության համար չափազանց անհրաժեշտ դեղամիջոցներ են, ուստի դրանք պետք է ճիշտ եւ խելացի օգտագործել. դրանք պետք է ընդունել միայն բժշկի նշանակմամբ, իսկ դա առանց մասնագետի հետ խորհրդակցելու անելը վտանգավոր է, քանի որ հակաբիոտիկների սխալ օգտագործումը հանգեցնում է դրանց դեմ դիմադրության զարգացման եւ տարածման:
Արդեն այսօր հակաբիոտիկների հանդեպ կայուն բակտերիաների շտամների հրահրած ինֆեկցիոն հիվանդությունների հետեւանքով ամեն տարի հարյուր հազարավոր հիվանդներ են մահանում: Եթե ամեն ինչ թողնենք այնպես, ինչպես կա, կայուն ինֆեկցիաների զոհերի թիվը երկրաչափական պրոգրեսիայով կաճի:
Եգոր Զայցեւի կարծիքով՝ հակաբիոտիկային կայունության դեմ պայքարում մեծ դերակատարում ունի նաեւ պատվաստումը, որը մարդուն պաշտպանում է մի ամբողջ շարք ինֆեկցիոն հիվանդություններից: ԱՀԿ ներկայացուցչի խոսքով՝ Հայաստանում պատվաստումը շատ բարձր մակարդակով է կազմակերպված (պաշտոնական տվյալների համաձայն՝ երեխաների 90 տոկոսից ավելին ժամանակացույցով բոլոր պատվաստումներն ստանում է):
«Հայաստանի հետ կարող են մրցակցել փոքրաթիվ երկրներ, եւ լավ է, որ Հայաստանն այս նշաձողը պահպանում է»,- նշեց մասնագետը:
Հիշեցնենք, որ «Դեղերի մասին» նոր օրենքը Ազգային ժողովում երրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունվել է ընթացիկ տարվա մայիսին, իսկ ուժի մեջ կմտնի դեկտեմբերին:
Նշենք, որ նոր օրենքը ոլորտում միանշանակ չի ընդունվում: Առողջապահության ոլորտի ղեկավարները հօգուտ նոր օրենքի մի քանի հիմնական փաստարկ են բերում՝ շուկայում դեղերի գների կարգավորում, դեղատնային գործունեության եւ մեծածախ առեւտրի տարանջատում (գործունեության այս երկու տեսակների համար առաջարկվում են երկու տարբեր արտոնագրեր) եւ զուգահեռ ներմուծման թույլտվություն: Մինչդեռ մանր դեղատների սեփականատերերը եւ մեծածախ վաճառքով զբաղվող մանր առեւտրականները կարծում են, որ օրենքն իրենց կզրկի աշխատելու հնարավորությունից եւ կհանգեցնի շուկայի էլ ավելի մեծ մենաշնորհման: Նաեւ կարծիք կա, որ նոր օրենքը տեղական արտադրությունը չի խրախուսում:
Սակայն մասնագետների մեծամասնությունն ամբողջովին աջակցում է նոր օրենքի այն հոդվածը, որի համաձայն հակաբիոտիկները, ի թիվս շատ այլ դեղերի, պետք է վաճառվեն միայն բժշկի դեղատոմսով. ներկայումս մեր հայրենակիցներից շատերը, ոչ մի ցուցում չունենալով, դեղատներում հակաբիոտիկներ են գնում եւ օգտագործում, ըստ որում՝ ընտրելով սխալ չափաքանակ եւ հաճախ բուժումն ընդհատելով: Նման վարքագիծն իր ավանդն է ունենում հակաբիոտիկային կայունության զարգացման եւ տարածման մեջ:






