D վիտամինի բարձր մակարդակը կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կանանց օգնում է գոյատեւել: Այս մասին հաղորդել են Roswell Park Cancer Institute-ից ամերիկյան գիտնականները:
Նրանք հետեւել են կրծքագեղձի քաղցկեղի բուժում ստացող 1666 հիվանդի առողջական վիճակին եւ պարզել, որ D վիտամինի բարձր մակարդակ ունեցողները բուժումը ստանալուց հետո գրեթե 30%-ով ավելի հաճախ են ապրում: Ինչ վերաբերում է դաշտանադադար ունեցած կանանց. D վիտամինի բարձր մակարդակը կրծքագեղձի քաղցկեղից մահանալու հավանականությունը նրանց մոտ նվազել է 63%-ով: Այլ գործոններ, ինչպիսին են ուռուցքի չափն ու տեսակը, նույնպես ուսումնասիրվել են, բայց նույնիսկ դրանք հաշվի առնելու դեպքում, գիտնականների կարծիքով, D վիտամինի օգտին եզրահանգումն ակնհայտ է եղել:
Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ դա կապված է այն հանգամանքի հետ, որ D վիտամինը մեծ դեր ունի բջիջների նորմալ զարգացումն ապահովելու եւ չարորակ բջիջների արտադրությունը կանխելու գործում:
Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ նախադաշտանային շրջանում գտնվող կանանց մոտ D վիտամինի ցածր մակարդակը կապված է ավելի բարձիթողի ուռուցքների հետ: Այս վիտամինի դեֆիցիտը նաեւ կողմնակիորեն ազդում է եռակի բացասական ուռուցքների առաջացման վրա. հազվագյուտ, բայց շատ ագրեսիվ տարատեսակներ, որոնք առկա են կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների 20%-ի մոտ:
Նշենք, որ D վիտամինը մարդու օրգանիզմում արտադրվում է մաշկի տակ, արեւի ճառագայթների ազդեցությամբ: Այն նաեւ առկա է մի շարք մթերքներում, օրինակ՝ յուղոտ ձկան մեջ: Այս վիտամինն ամրացնում է ոսկորները, իսկ դրա դեֆիցիտը կապված է քաղցկեղի մի քանի տեսակների առաջացման վտանգի հետ:






