Ավստրալացի Քեյթ Հիլը երկվորյակների է ծննդաբերել, որոնք 10 օրվա տարբերությամբ են բեղմնավորվել: Նրա դուստրերը՝ Շառլթը եւ Օլիվիան, արյան տարբեր խմբեր ունեն, ծնվելիս տարբեր քաշ եւ հասակ են ունեցել: Սա չափազանց հազվադեպ երեւույթ է. բժշկական գրականության մեջ նման միայն 10 դեպք է նկարագրված:
Քեյթը եւ նրա ամուսինը մի քանի տարի շարունակ փորձում էին երեխա ունենալ: 2006 թվականին Քեյթի մոտ ձվարանների պոլիկիստոզ է ախտորոշվել, եւ նրան հորմոնալ դեղամիջոցների կիրառմամբ բուժում է նշանակվել: Արդյունքում Քեյթն իսկապես հղիացել է, ըստ որում՝ միանգամից երկու անգամ:
Մասնագետների խոսքով՝ Քեյթը եւ նրա ամուսինը բախվել են սուպերֆետացիա երեւույթին. լինելով հղի՝ Քեյթը մեկ անգամ էլ է բեղմնավորվել, հղիության ընթացքում նրա արգանդում զարգացել են տարբեր գեստացիոն տարիքի երկու սաղմ: Ամուսինները նշել են, որ այն ժամանակահատվածում, երբ կարող էր բեղմնավորումը կատարվել, իրենք ընդամենը մեկ անգամ են սեքսով զբաղվել: Քեյթը հղիացել է 2015-ի գարնանը:
Մասնագետների պարզաբանմամբ՝ առաջին երեխայով հղիանալուց 10 օր հետո Քեյթի մոտ եւս մեկ ձվազատում է կատարվել: Նոր ձվաբջիջը բեղմնավորվել է այն սերմնաբջիջներով, որոնք զարմանալիորեն իրենց կենսունակությունը պահպանել են 10 օր շարունակ: Դեպքի եզակիությունն այն է, որ սերմնաբջիջներն այդքան երկար պահպանել են բեղմնավորելու հատկությունը, եւ այն, որ Քեյթի մոտ ձվազատում է կատարվել հղիանալուց հետո:
Նախկինում NEWS.am Medicine-ը հայտնել է սուպերֆետացիայի նման դեպքի մասին, երբ վիետնամուհին երկու տարբեր հայրերից ծննդաբերել էր երկվորյակ տղաների: Հայրությունը հաստատելու համար ստիպված են եղել գենետիկ անալիզ կատարել, որի արդյունքները վկայել են, որ կինը երկու երեխաների կենսաբանական մայրն է, իսկ ահա նրանց հայրերը տարբեր են:






