ԱՄՆ-ի Սան Դիեգոյի Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները ստեղծել են գլխուղեղի խթանման տեխնոլոգիա, որը թույլ է տալիս մարմնի զանգվածը նվազեցնել առանց դիետայի եւ ֆիզիկական վարժությունների: Այս մասին հայտնում է Science News-ը:
Հետազոտության վերաբերյալ զեկույցը ներկայացվել է Նեյրոգիտությունների միության ամենամյա ժողովում: Հետազոտողները փորձով ստուգել են նախկինում առաջ քաշված տեսությունը, որ մարդու մարմնի զանգվածը գենետիկ մակարդակում է դրված եւ գտնվում է հիպոթալամուսի հսկողության ներքո: Ավելորդ քաշով կամավորները երկու խմբի են բաժանվել: Նրանք դիետայի չեն հետեւել եւ ֆիզիկական վարժություններ չեն կատարել:
Փորձարարական խմբում ընդգրկվածների վրա փորձարկվել է ուղեղի գալվանական վեստիբուլյար խթանման (ԳՎԹ) տեխնոլոգիան: Ականջների հետեւում մաշկին հատուկ էլեկտրոդներ են դրվել, որոնց օգնությամբ էլեկտրական թույլ խթաններ են հաղորդվել գլխուղեղի այն հատվածին, որը պատասխանատու է հավասարակշռության համար: Այդ ընթացքում մարդիկ ճոճվելու զգացում են ունեցել: Վերստուգիչ խմբում տեխնոլոգիան կեղծել են:
ԳՎԹ միջամտությունը 4 ամսվա ընթացքում շաբաթը 4 անգամ է կատարվել: Արդյունքների համաձայն՝ փորձարարական խմբում ընդգրկվածները կորցրել են ճարպային հյուսվածքների զանգվածի միջինը 8 տոկոսը: Դրանից բացի, ԳՎԹ յուրաքանչյուր միջամտությունից հետո նրանց թքում գրանցվել է հագեցածության հորմոն լեպտինի պարունակության աճ: Վերստուգիչ խմբում նկատվել է քաշի մի փոքր ավելացում:
Հետազոտության առաջատար հեղինակ Ջեյսոն Մակքյուենի խոսքով՝ հիպոթալամուսը պատասխանատու է ախորժակի, ծարավի եւ մարմնի զանգվածի կարգավորման համար: Հիպոթալամուսի խթանումը մարդու մեջ ի ծնե դրված զանգվածի ցուցանիշը վերակողմնորոշում է եւ նպաստում քաշի նվազմանը:






