Սմարթֆոնները կարող են տիրոջ մասին շատ ավելին հայտնել, քան կարելի է պատկերացնել: Խոսքը հաղորդագրությունների բովանդակության եւ բրաուզերում որոնման պատմության հետազոտության մասին չէ: Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները՝ Փիթեր Դորշթեյնի գլխավորությամբ, անալիզի են ենթարկել 39 սմարթֆոնների մակերեւույթը՝ նմուշներ վերցնելով հեռախոսների մակերեւույթից եւ դրանց տերերի աջ ձեռքից: Դրանից հետո յուրաքանչյուր նմուշը հետազոտվել է մասս-սպեկտրաչափի միջոցով, ինչը թույլ է տվել պարզել, թե դրա վրա ինչ մոլեկուլներ են առկա: Ստացված տվյալները համեմատվել են տվյալների մեծածավալ բազայի հետ, ինչն օգնել է նույնականացնել միացությունները:

Հեղինակները տեղեկատվություն են ստացել հիանդների ընդունած դեղամիջոցների մասին. նրանք հայտնաբերել են ճաղատացման դեմ պատրաստուկների, հակադեպրեսանտների, հակաբորբոքային դեղերի եւ սնկերի դեմ պայքարի համար նախատեսված կրեմների հետքեր: Դրանից զատ, նրանք ինչ-որ բան են պարզել հետազոտության մասնակիցների սննդակարգի վերաբերյալ՝ նրանց մատների վրա (համապատասխանաբար նաեւ հեռախոսի մակերեւույթին) հայտնաբերվել են կոֆեին, համեմունքների հետքեր: Գիտնականները տեղեկացել են՝ հեռախոսների տերերն արդյոք օգտագործել են արեւապաշտպան կրեմ կամ մոծակների դեմ սփրեյ, դրանց հետքերը պահպանվել են նույնիսկ մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ այդ միջոցներով մաշկը ծածկել են:

Գիտնականները կարողացել են ճշգրիտ որոշել, թե ինչ սեռ է ունեցել սմարթֆոնի տերը, սպիրտային ինչ խմիչքներ է նախընտրում, արդյոք սուր ուտելիքներ սիրում է եւ ինչ դեղամիջոցներ է ընդունում: Հեղինակները եզրակացրել են, որ այս վերլուծության արդյունքները  կարող են օգտագործվել գիտության տարբեր ասպարեզներում: Դրանք պիտանի կլինեն եւ՛ քրեագետների, եւ՛ բժիշկների համար, որոնք կարող են հետեւել՝ հիվանդը պահպանում է դեղերի ընդունման հանձնարարված ռեժիմը: