«Հեղուկ բիոփսիայի» հիման վրա անցկացվող նոր թեստը, որը ստեղծել են Մելբուռնի հետազոտողները, կօգնի մելանոման ախտորոշել ընդամենը մի քանի ժամում, ինչը բուժումն արագ սկսելու եւ հիվանդների շրջանում մահացությունը նվազեցնելու հնարավորություն կտա:
Թեստի հեղինակների խոսքով՝ դրա կիրառումն արդեն օգնել է փրկել մելանոմայով տառապող ավստրալացի Նատաշա Սթորքի կյանքը, որը երիտասարդ մայրիկ է: Ծննդաբերելուց ընդամենը մի քանի շաբաթ հետո Նատաշայի ստամոքսում ցավեր են առաջացել: Նոր թեստի կիրառմամբ բժիշկները նրա մոտ տարածված մելանոմայի 4-րդ փուլ են ախտորոշել: Մետաստազներ են հայտնաբերվել կնոջ ստամոքսում, աղիներում, կոնքոսկրում եւ լյարդում:
Բժիշկները կարողացել են բուժում նշանակել միայն այն բանից հետո, երբ նրանց հաջողվել է պարզել, թե կնոջ մոտ քաղցկեղի հատկապես ինչ տեսակ է: Սովորաբար դրա համար անհրաժեշտ է ինվազիվ միջամտություն կատարել, որի ընթացքում ուռուցքից նմուշ է վերցվում: Սակայն այս դեպքում բժիշկներն արյան անալիզ են կատարել, եւ արդյունքը պատրաստ է եղել ընդամենը 6 ժամում: Ուռուցքի բջիջներում բժիշկները հայտնաբերել են BRAF մուտացիա եւ հնարավորինս արագ համարժեք բուժում են նշանակել: Նատաշայի հիվանդությունն այժմ որոշակիորեն նահանջել է:
Ուռուցքաբան Ջոնաթան Սեբոնը պարզաբանել է, որ տարածվող մելանոմայով հիվանդները բուժման նշանակմանը երկար սպասել չեն կարող, եւ չափազանց կարեւոր է ժամանակին ախտորոշում կատարելը:
Նոր թեստն այժմ կիրառում են թոքերի քաղցկեղը եւ մելանոման ախտորոշելու համար, իսկ հետագայում թեստեր կստեղծվեն նաեւ ուռուցքների այլ տեսակների հայտնաբերման համար:






