Ամերիկացիների 32 տոկոսը տառապում է D վիտամինի պակասից։ Այսպիսի տվյալներ է ներկայացնում Առողջության եւ սննդի ստուգման ազգային ծրագիրը։ Journal of Dermato-Endocrinology-ն հայտնում է, որ միաժամանակ հանրային առողջության վերահսկման մարմինները խորհուրդ են տալիս քիչ մնալ արեւի տակ։

«Արեւից խուսափելու խորհուրդները, որոնք տալիս են կառավարությունն ու բժշկական միությունները, պետք է անհապաղ փոխել ամերիկացիների մեծ մասի համար, որպեսզի նրանք ավելի շատ արեւի լույսի տակ լինեն»,- ասել է հետազոտության հեղինակ, Հարավային Քալիֆորնիայի Բժշկական համալսարանի պրոֆեսոր Դեւիդ Հոելը։ Նրա խոսքով՝ արեւի լույսը կենսականորեն անհրաժեշտ է, դրանից չպետք է խուսափել։

Բժիշկ Հոելը համահեղինակների հետ առողջապահության մարմիններին կոչ է անում փոփոխել ուլտրամանուշակագույն ճառագայթների մասին հանձնարարականները եւ ավելի քան 100 հետազոտություն է օրինակ բերում, որոնք ապացուցում են, որ արեւի տակ չափավոր մնալն օգտակար է։ Այդ օրինակները վերաբերում են D վիտամինի արտադրության համար ուլտրամանուշակագույն ճառագայթների դրական ազդեցությանը։

Հեղինակները նաեւ նշում են, որ ԱՄՆ-ում մահացության դեպքերի 13 տոկոսը կարելի է այս կամ այն կերպ կապել D վիտամինի պակասի հետ։ Համեմատության համար նշենք, որ ծխախոտից մահացության դեպքերի թիվը 20 տոկոս է։ Բացի այդ, D վիտամինի պակասը մեծացնում է քաղցկեղի առաջացման, սիրտ-անոթային հիվանդությունների, Ալցհեյմերի, շաքարախտի, ցրված սկլեորզի, միոպիայի եւ ցանցաթաղանթի դեղին հետքի դեգեներացիայի ռիսկը։

Հեղինակները նաեւ ուզում են, որ արեւից պաշտպանող քսուք արտադրողները դրանց վրա նշեն, որ այն արգելափակում է D վիտամինի արտադրությունը։