Հայաստանում երեխաների մեծ մասը ստանում են անհրաժեշտ բոլոր պատվաստումները. ծնողների միայն 3-4%-ն է հրաժարվում երեխաների պատվաստումներից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Առողջապահության նախարարության իմունականխարգելման ծրագրերի ղեկավար Գայանե Սահակյանը:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2015 թվականին մինչեւ 1 տարեկան երեխաների ավելի քան 92%-ն ըստ օրացույցի ստացել է բոլոր պատվաստումները, եւ նույն տարիքի երեխաների շուրջ 95-99%-ը ստացել է պատվաստումների ընդամենը մի մասը: Ինչ վերաբերում է ավելի բարձր տարիքի երեխաներին. 2 տարեկանների 95%-ը եւ 7 տարեկանների 96%-ը նույնպես ըստ օրացույցի ստացել են բոլոր պատվաստումները:
Ըստ Գայանե Սահակյանի՝ միջազգային ստանդարտների համաձայն, երկրում երեխաների գոնե 90%-ը պետք է օրացույցով իրենց համար նշանակված պատվաստումները ստանա, որպեսզի կանխարգելվի վարակիչ հիվանդությունների, օրինակ` կարմրուկի տարածումը: Հայաստանում իրավիճակը բարենպաստ է, եւ քանի որ երեխաների մեծ մասը, ամեն դեպքում, պատվաստվում է, ինֆեկցիոն հիվանդությունների տարածման վտանգը բավական ցածր է:
Ամեն դեպքում, անհրաժեշտ պատվաստումներ չստացած երեխաները կարող են լուրջ վտանգների ենթարկվել: Գայանե Սահակյանը հիշեցրեց, որ վերջերս դեպք է արձանագրվել, երբ պատվաստում չստացած 1.7 տարեկան երեխայի մոտ տուբերկուլյոզ են հայտնաբերել եւ բարդացումների հետեւանքով երեխան մահացել է: Վերջերս նաեւ մեկ այլ դեպք է գրանցվել. Վանաձոր քաղաքում հղի կինը կապույտ հազ է վարակվել իր 7-ամյա երեխայից, որին ժամանակին հրաժարվել է պատվաստել:
Իսկ անցյալ տարի Հայաստանում պատվաստումից հրաժարվելու պատճառով երեխաների մահվան երկու դեպք է գրանցվել. 3 ամսական երեխան մահացել է կապույտ հազից, որի դեմ չէր պատվաստվել, իսկ մյուս երեխայի մահվան պատճառ են դարձել կարմրուկով վարակվելուց հետո առաջացած բարդությունները: Մասնագետը հիշեցրել է, որ վերջինի մոտ պանենցեֆալիտ է զարգացել. վտանգավոր եւ սովորաբար մահացու բարդացում:
Հիշեցնենք, որ University of California-ի գիտնականների հետազոտության համաձայն՝ ենթասուր կարծրախտային պանենցեֆալիտը կարմրուկի ծայրահեղ ծանր բարդացում է, որն ավելի հաճախ է հանդիպում, քան ընդունված է կարծել: Նախկինում համարվում էր, որ Վան-Բոգարտի հիվանդության առաջացման հավանականությունը 100 հազարից մեկ դեպք է կազմում, սակայն նոր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում բարդացում է հնարավոր 1387 երեխայից մեկի մոտ, իսկ մինչեւ 1 տարեկան երեխաների շրջանում՝ 609-ից մեկի մոտ:






