Ենթասուր կարծրախտային պանենցեֆալիտը կարմրուկի ծայրահեղ ծանր բարդացում է, որն ավելի հաճախ է հանդիպում, քան ընդունված է կարծել: Այս մասին հայտնում են University of California-ի գիտնականները:

Ենթասուր կարծրախտային պանենցեֆալիտը, որը նաեւ հայտնի է Վան-Բոգարտի հիվանդություն անվամբ, աստիճանաբար սաստկացող նյարդաբանական խանգարում է, որը 1-2 տարվա ընթացքում կարող է մարդուն մահվան հասցնել: Այս հիվանդությունն այսօր համարվում է կարմրուկի ուշ բարդացում, որը կարող է զարգանալ նույնիսկ վիրուսով վարակվելուց մի քանի տարի հետո: Բուն կարմրուկի գաղտնի շրջանը 14 օրը չի գերազանցում:

Նախկինում համարվում էր, որ Վան-Բոգարտի հիվանդության առաջացման հավանականությունը 100 հազարից մեկ դեպք է կազմում, սակայն նոր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում բարդացում է հնարավոր 1387 երեխայից մեկի մոտ, իսկ մինչեւ 1 տարեկան երեխաների շրջանում՝ 609-ից մեկի մոտ: Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են 1998-ից մինչեւ 2015 թվականն ընկած ժամանակահատվածում Քալիֆորնիայում գրանցված  ենթասուր կարծրախտային պանենցեֆալիտի դեպքերը: Նրանց հաջողվել է նույնականացնել ընդամենը 17 դեպք:

Հիվանդության սաստկացումը երեք փուլով է ընթանում. նախ փոխվում է հիվանդի պահվածքը (նա կարող է ավելի ագրեսիվ դառնալ), այնուհետեւ երեւան է գալիս վերջույթների թրեմոր, ջղաձգումային նոպաներ, որոնք ժամանակի ընթացքում ավելի արտահայտված, երկարատեւ եւ հաճախակի են դառնում: Երրորդ փուլում ջղաձգումները գործնականում անընդհատ են դառնում, հիվանդը կոմայի մեջ է ընկնում, որը վերջնական արդյունքում մահվան է հանգեցնում:

Այս մահացու բարդացման զարգացումը կարող է կանխել միայն կարմրուկի դեմ պատվաստումը, պնդում են գիտնականները: Նրանց խոսքով՝ իրենց հայտնագործությունը մեկ անգամ եւս հաստատում է այդ պատվաստման կարեւորությունը:

Նրանք համոզված են, որ կարմրուկի դեմ պատվաստումը անհրաժեշտ է նաեւ այն պատճառով, որ համընդհանուր պատվաստումը եւ պոպուլյացիոն իմունիտետը կօգնեն պաշտպանել նաեւ նրանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով (օրինակ՝ առողջական խնդիրների կամ տարիքի պատճառով) չեն կարող պատվաստվել: