Միջազգային երկու մեծ ռանդոմիզացված հետազոտությունների (Excel եւ Noble) արդյունքները, որոնք նվիրված էին ձախ պսակային զարկերակի ցողունի ստենոզով հիվանդների համար ռեւասկուլյարիզացիայի մեթոդի ընտրությանը, ներկայկացվել են նոյեմբերի 24-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում անցկացված սրտաբանական սեմինարի ընթացքում: Ներկայացվել են գործող ամերիկյան եւ եվրոպական ուղեցույցները ռեւասկուլյարիզացիայի մեթոդի ընտրության վերաբերյալ՝ աորտոկորոնար շունտավորման (ԱԿՇ) կամ միջմաշկային կորոնար միջամտության (ՄԿՄ՝ PCI):
Սրտաբանական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Համլետ Հայրապետյանը, որը վարում էր սեմինարը, ներկայացրեց հյուրին՝ Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ, ակադեմիկոս Կառլեն Ադամյանին:
Զեկույցներով ելույթ ունեցան «Էրեբունի» ԲԿ-ի առաջատար մասնագետներ՝ ինվազիվ սրտաբաններ Շահեն Տոռոզյանը, Արսեն Ծատուրյանը եւ կարդիովիրաբուժության բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Վահե Գասպարյանը:
Շահեն Տոռոզյանն իր ելույթում նշեց, որ վերջին տարիներին անցկացվել են երկու մեծ ռանդոմիզացված հետազոտություններ (Excel եւ Noble), որոնց արդյունքները վերջերս են հրապարակվել:

Նշվեց, որ վերջին 1-2 տասնամյակում բազմիցս է քննարկվել սրտամկանի ռեւասկուլյարիզացիայի մեթոդի, այսինքն՝ աորտոկորոնար շունտավորման (ԱԿՇ) կամ միջմաշկային կորոնար միջամտության (ՄՄԿՄ՝ PCI) ընտրության հարցը, մասնավորապես՝ ձախ պսակային զարկերակի ցողունի ախտահարման դեպքում: Այդ մեթոդների անվտանգությունը եւ արդյունավետությունը պարզելու նպատակով բազմիցս են համեմատական հետազոտություններ կատարվել, որոնք հանգեցրել են եզրակացությունների, որոնք գրանցվել են Սրտաբանների եվրոպական եւ ամերիկյան ասոցիացիաների վերջին ուղեցույցներում (2014 թվական): Սակայն հաշվի առնելով ինտերվենցիոն սրտաբանության ոլորտում վերջին ձեռքբերումները՝ դեղային ծածկույթով ստենտների նոր սերունդի, ՄՄԿՄ անցկացնելու համար ավելի կատարելագործված գործիքների ներդրումը եւ փորձի, բուժանձնակազմի աշխատանքի որակի կատարելագործումը նոր հետազոտությունների խթան են դարձել, որոնցում համեմատվել են բուժման նշված մեթոդները։
Արսեն Ծատուրյանի զեկույցի քվինտէսենցիան՝ ձախ պսակային զարկերակի ցողունի հիվանդության դեպքում ստենտավորման եւ ԱԿՇ-ի արդյունքների համեմատությունն էր: Նա նշեց, որ 2016 թվականի հոկտեմբերի վերջին հրապարակվել են Excel հետազոտությունների արդյունքները (հետազոտություններն իրականացվել են 2010-2014 թվականներին):

Ընդգրկված էին ձախ պսակային զարկերակի ցողունի նեղացմամբ մոտ 2900 հիվանդներ, որոնցից 1900-ը ռանդոմիզացվել են, իսկ 950 հիվանդներ ներառվել են ստենտավորման անցկացման խմբում, 950-ն էլ՝ ԱԿՇ-ի: Օգտագործվել են Էվերոլիմուսի (Xience) ծածկույթով ստենտներ: Մահացության, կաթվածի, ինֆարկտի 30-օրյա ցուցանիշները բարձր են եղել ԱԿՇ-ով հիվանդների խմբում, իսկ 3-ամյա ցուցանիշները երկու խմբերում վիճակագրական նշանակություն չեն ունեցել: Այս ամենն ապացուցում է, որ ձախ պսակային զարկերակի ցողունի նեղացմամբ (Syntax score ≤32) հիվանդների ընտրված խմբում ստենտավորումը ոչ միայն թույլատրելի է, այլեւ համարվում է ռեւասկուլյարիզացիայի նախընտրելի մեթոդ:
«Էրեբունի» ԲԿ-ի կարդիովիրաբուժության բաժանմունքի վարիչ Վահե Գասպարյանի զեկույցը նվիրված էր NOBLE ռանդոմիզացված հետազոտությանը, որը վերաբերում էր ձախ պսակային զարկերակի ցողունի նեղացմամբ հիվանդների ԱԿՇ-ի եւ ստենտավորման արդյունքների համեմատական վերլուծությանը:

Եզրափակիչ խոսքում պրոֆեսոր Համլետ Հայրապետյանը եւ ակադեմիկոս Կառլեն Ադամյանն իրենց պատրաստակամությունը հայտնեցին աջակցելու գործընկերների նոր նախաձեռնություններին եւ «Էրեբունի» ԲԿ-ում սրտաբանության ոլորտում բուժման նորագույն, ժամանակակից, հեռանկարային մեթոդների ներդրման գործընթացին՝ հիվանդների բուժման ավելի արդյունավետ արդյունքների հասնելու համար:

Ժամանակակից սրտաբանության հրատապ խնդիրների ու ձեռքբերումների եւ կլինիկայի պրակտիկ գործունեության մեջ դրանց ներդրման ճանապարհների վերաբերյալ սեմինարները «Էրեբուն» ԲԿ-ում անցկացվում են ամեն հինգշաբթի:






