Առողջության համար պրոբիոտիկների օգուտը մեծ թվով հետազոտություններով է հաստատվել, սակայն իմունիտետի վրա դրանց ազդեցության մեխանիզմը մինչ օրս չէր հետազոտվել: Այժմ Մեծ Բրիտանիայի University of Huddersfield-ի գիտնականներն այս գաղտնիքի վրա լույս են սփռել Lactobacillus paracasei բակտերիայի օրինակով:

Պրոֆեսոր Էնդրյու Լոուսի եւ նրա գործընկերների ենթադրությամբ՝ այս մեխանիզմի կարեւոր օղակ կարող են լինել պոլիսախարիդները, որոնցով են ծածկված բակտերիաների շատ բջիջներ, դրանից զատ՝ բակտերիաներն իրենք էլ են այդ միացություններն արտադրում: Հետազոտողները պոլիսախարիդներն ուսումնասիրել են քիմիական անալիզի եւ միջուկային մագնիսական ռեզոնանսի միջոցով, որպեսզի պարզեն դրանց կառուցվածքը: Պարզվել է, որ պոլիսախարիդները հիմնականում շաքարներից մեկից՝ ռամնոզայից են կազմված: Պրոբիոտիկների արտադրած պոլիսախարիդների մեծ մասում գերակշռում է հենց ռամնոզան:

Այնուհետեւ աշխատանքին է միացել University of Milan-ի պրոֆեսոր Սիմոնե Գուլյելմեթին, որը սկսել է մարդու իմունային բջիջների վրա ներգործել պոլիսախարիդների տարբեր չափաքանակներով եւ հետեւել այդ բջիջների արտադրած իմունիտետը խթանող միացություններին, մասնավորապես՝ ցիտոկիններին եւ հեմոկիններին: Այս միացությունների արտադրումը կարող էր խորացնել խոցային կոլիտի եւ այն հիվանդությունների ախտանիշերը, որոնք կարող է հարուցել Helicobacter pylori-ը, սակայն կլինիկական հետազոտությունները հակառակի մասին էին վկայում: Պրոֆեսոր Լոուսը նշել է, որ Lactobacillus paracasei-ի ներգործության արդյունքում բորբոքային ռեակցիան ավելի փոքր էր, քան եթե նույն ռեցեպտորների վրա ախտածին բակտերիա ներգործեր:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Applied and Environmental Microbiology ամսագրում: