Institute for the Developing Mind at Children's Hospital Los Angeles-ի մասնագետ Բրեդլի Փեթերսոնը եւ նրա գործընկերները ախտորոշման նոր մեթոդ են օգտագործել, որպեսզի պարզեն, թե կակազող մարդկանց ուղեղում ինչ-որ տարբերություններ կան, թե ոչ։

Նրանց անցկացրած հետազոտությանը մասնակցել է 47 չափահաս եւ 47 երեխա՝ կակազող եւ ոչ։ Յուրաքանչյուր մասնակցի ուղեղի նկարը ստացվել է պրոտոնային մագնիսառեզոնանսի սպեկտրոսկոպիայի արդյունքում (ավելի վաղ նման աշխատանք իրականացվել էր ֆունկցիոնալ ՄՌՏ-ով)։ Դրանք համեմատելով՝ գիտնականները նկատել են, որ կակազող մարդկանց մոտ վնասված է ոչ միայն ուղեղի խոսքի կենտրոնը, այլ նաեւ ուշադրության եւ հգույզերի կարգավորման համար պատասխանատու գոտիները։ Դա նաեւ հաստատում են նախորդ հետազոտությունները։ Բրեդլի Փեթերսոնի խոսքով՝ հիվանդության ծանրությունը տատանվում է՝ կախված այն հանգամանքից, թե որքանով են վնասված բոլոր երեք գոտիները։

Գիտնականը նշել է, որ ցնցված էր պրոտոնային մագնիսական ռեզոնանսի սպեկտրաչափի օգտագործման միջոցով ստացված տեղեկատվության ամբողջականությամբ: Նա հավելել է, որ  կակազելը կարելի է ոչ թե զարգացման խանգարում համարել, այլ նյարդահոգեբանական բնույթի խանգարում:

Նշենք, որ կակազելը խոսքի խանգարում է, որով տառապում է աշխարհի բնակչության 1 տոկոսը: Թլվատ մարդկանց շրջանում նկատվում են խոսքի ռիթմի փոփոխություններ, առանձին հնչյունների կամ ամբողջական բառերի երկարաձգում կամ կրկնում, ինչպես նաեւ խոսելիս հաճախակի կանգառներ: Երեխաների մոտ թլվատությունը ախտորոշվում է 2-5 տարեկանում, ավելի հաճախ տղաների, քան աղջիկներ շրջանում, եւ շատ երեխաներ հիվանդությունը հաղթահարում են տարիքին զուգահեռ: Դրանից զատ, խոսքի թերապիան եւս կարող է օգնել այս խնդրի հաղթահարմանը: