Մարդիկ ուրախանում են, որ վերջացել է երկար ու ցուրտ ձմեռը, սակայն փոշեհատիկից ալերգիա ունեցողները դժվար թե գարունը գրկաբաց ընդունեն:

Բայց կան շատ կանխարգելիչ մեթոդներ, որպեսզի կանխել կամ թեթեւացնել փոշեհատիկից ալերգիայի ախտանիշերը, ասում է ամերիկացի ալերգոլոգ Լյուկ Ֆոնասյեն՝ Նյու Յորք նահանգի Մինեոլեյի Ուինթրոփի համալսարանի ալերգիայի բաժնի ղեկավարը:

Պետք է պարզել, թե կոնկրետ ինչից ալերգիա ունեք՝ ալերգենները վերացնելու համար, ասում է Ֆոնասյեն: Ալերգոլոգը կարող է ախտանիշերի՝ փռշտոցի, հարբուխի, աչքերի կարմրության հիման վրա պարզել պատճառը, նշում է Newsmaxhealth-ը:

Կարելի է նաեւ պարզապես տնից դուրս չգալ, երբ դրսում ծաղկափոշին շատ է, խոնավությունը՝ մեծ: Իսկ եթե դուրս գալն անհրաժեշտ է, տուն վերադառնալուն պես լոգանք ընդունեք, գլուխը լվացեք, հագուստը փոխեք: Մի բացեք տան ու ավտոմեքենայի դռներն ու պատուհանները: Օդը մաքրվելու համար օդափոխիչ օգտագործեք:

Աշխատեք խոտ, տերեւ չպոկել: Եթե Դուք անպայման պետք է նման գործ անեք, դիմակ կրեք, առաջարկում է Ֆոնասյեն հիվանդանոցի մամլո հաղորդագրության  մեջ:

Սկսեք ալերգիայի դեմ դեղեր ընդունել մինչեւ ախտանիշերի ի հայտ գալը: Բայց զգույշ եղեք, քանի որ դրանցից որոշները քնկոտություն կամ մտքի շաղվածություն են առաջացնում:

Ալերգիայի դեմ պատվաստումը հիվանդության դեմ պայքարի եւս մեկ միջոց է: Վակցինան դանդաղորեն Ձեր օրգանիզմն ընտելացնում է ալերգեններին, եւ Դուք սկսում եք դրան առանց ալերգիկ ռեակցիայի դիմադրել: Այս վակցինաները պաշտպանում են ալերգիայի ախտանիշերի ուժեղացումից եւ ասթմայի առաջանալուց, հատկապես՝ երեխաների դեպքում, ասում է Ֆոնասյեն: