Տրանսպլանտոլոգները տարեց մարդկանց առողջ երիկամները հիմնականում մերժում են, չնայած նույնիսկ 80-ն անց դոնորների օրգանները կարող են փոխպատվաստումից հետո տարիներով նորմալ գործել։ Նման եզրակացություն են արել Իտալիայի University of Turin-ի հետազոտողները։

Clinical Journal of the American Society of Nephrology ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները խոսում են երիկամների փոխպատվաստման բուժակարգի համար դոնորների ընտրության նոր չափորոշիչներ ներդնելու օգտին։Այդ հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են այսպես կոչված ընդլայնված չափորոշիչներով դոնորներից (60 տարեկանից մեծ, նաեւ 50 -59 տարեկան, որոնք ռիսկի որոշակի գործոններ ունեն) երիկամների փոխպատվաստման մոտ 650 դեպք։ Այդ երիկամները ստացած մարդկանց առողջությանը հետեւել են միջինը 5 տարի։ Նրանց հինգ տարվա ապրելիությունը կազմել է 88-90 տոկոս, այսինքն այնքան որքան երիտասարդ առողջ դոնորներից փոխպատվաստում կատարելու դեպքում։

Ընդ որում երիկամների ապրելիությունը կազմել է 66-75 տոկոս, իսկ օրգանների մերժման գործակիցը մոտավորապես նույնն է եղել 50-ից 79 տարեկան դոնորներից օրգաններ վերցնելու դեպքում, բայց զգալիորեն ավելի բարձր, եթե դոնորները 80 տարեկանից մեծ են եղել։

Հետազոտության հեղինակները շեշտում են, որ ավագ տարիքային խմբի դոնորներին տրանսպլանտոլոգները չպետք է ավտոմատ կերպով մերժեն, մանավանդ եթե երիկամի պատվաստումը նախատեսված է այնպիսի մարդիկանց համար, որոնց կյանքի տեւողությունը վիրահատության բացակայության դեպքում արդեն օրերով կամ ժամերով է չափվում։