Գիտնականները 23 գեն են հայտաբերել, որոնք վերահսկում են օրգանիզմում քաղցկեղային ուռուցքի տարածումը: Մեծ Բրիտանիայից մասնագետները վստահ են, որ ուսումնասիրելով դրանք՝ կարելի է չարորակ ուռուցքների բուժման նոր մեթոդներ գտնել:

Քաղցկեղի տարածումը համարվում է ուռուցքային հիվանդություններով տառապողների մահվան հիմնական պատճառը. մետաստազներից մահանում է քաղցկեղով հիվանդների ավելի քան 90%-ը: Ամեն դեպքում, գործընթացը, որի արդյունքում ուռուցքները տարածվում են օրգանիզմում, գիտության կողմից դեռեւս ամբողջությամբ ուսումնասիրված չէ:

Բրիտանական Wellcome Trust Sanger Institute-ից մասնագետների հետազոտությունը ցույց է տվել, որ այդ գեներից միայն մեկի՝ Spns2 կոչվող գենի վրա ազդեցությունը հանգեցնում է երեք քառորդով քաղցկեղի տարածման կրճատման:

Այս արդյունքներն արձանագրվել են լաբորատոր մկների վրա փորձի ընթացքում, սակայն գիտնականները միանգամայն լավատեսորեն են տրամադրված. չի բացառվում, որ այս գեների հետ աշխատանքն արդյունավետ կլինի նաեւ մարդկանց բուժման ժամանակ:

Ընդհանուր առմամբ՝ գիտնականները ուշադրությունը 810 գեն է գրավել: Դրանցից 23-ը, պարզվում է, ուղղակիորեն ազդել են դեպի թոքեր մաշկի քաղցկեղի տարածման վրա: Որոշ գեներ արագացրել են այս գործընթացը, որոշները՝ հակառակը, կանգնեցրել: Գիտնականները նաեւ պարզել են, որ այս գեներից շատերը նաեւ ազդում են իմունային համակարգի վրա՝ փոխելով վարակների դեմ պայքարելու՝ օրգանիզմի ունակությունը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ Spns2 գենի հեռացումն օրգանիզմում զգալի փոփոխություններ է առաջացնում եւ դեպի թոքեր ուռուցքի տարածումը կրճատում 4 անգամ: Այնուհետեւ գիտնականները հետեւել են այս գենի ազդեցությունն այլ ուռուցքների տարածման վրա, ներառյալ աղիները, թոքերն ու կուրծքը: Քաղցկեղի այլ տեսակների պարագայում տարածման կրճատումը նույնն է եղել: