Գիտնականները մարդու բջիջներով խոզի էմբրիոններ են ստեղծել։ Նրանք ցույց են տվել, որ մարդու ցողունային բջիջները կարող են խոզի էմբրիոնների մեջ ներդրվել եւ նորմալ գործել։ Իսկ դա դոնորական օրգաններ ստեղծելու լայն հնարավորություն է տալիս։
Կենսաբանները գործնականում ապացուցել են, որ մարդու iPS ցողունային բջիջները կարող են խոզերի էմբրիոններում նորմալ զարգանալ։ Մարդու եւ խոզի հիբրիդ ստանալու թույլ կտա ուսումնասիրել քաղցկեղը վաղ փուլում եւ կենդանիներից դոնորական օրգաններ ստանալ։
Ավելի վաղ փորձեր էին կատարվել կրծողների եւ խոզերի հիբրիդ ստեղծելու ուղղությամբ։ Առնետների ու մկների հիբրիդներ ստեղծելը բավականին հեշտ է եղել, սակայն առնետների բջիջները խոզերի էմբրիոններում զարգացման 21-28–րդ օրն արդեն չեն պահպանվել։
Համանման փորձ են կատարել մարդու ցողունային բջիջների միջոցով։ Դրանք ներդրել են խոզի էմբրիոնների մեջ զարգացման ամենավաղ փուլում, իսկ հետո այդ էմբրիոնները տեղադրել խոզի արգանդում։ Զարգացման 21-28-րդ օրը 1466-ից 186 էմբրիոններում մարդկային ծագման բջիջներ են հայտնաբերել։ Դա նշանակում էր, որ նման էմբրիոնները խոզի եւ մարդու հիբրիդներ են եղել։ Միջինում խոզի 10 հազար բջիջներին 1 մարդկային բջիջ է բաժին ընկել։ Սակայն բոլոր բջիջները գործել են որպես մեկ միասնություն։
Փորձի դադարեցման ժամանակը ընտրել են այն հաշվարկով, որ 21-28 օրերի ընթացքում խոզի էմբրիոնի մոտ նյարդային համակարգ դեռ չի ձեւավորվում։ Քանի որ էմբրիոնների մեջ մարդու բջիջներ են տեղադրել, եղել է հավանականություն, որ դրանց ներկայությունը կազդի նյարդային համակարգի ձեւավորման վրա, եւ կստացվի կենդանի, որն օժտված է նաեւ մարդկային բանականության տարրերով։
The Guardian–ը գրում է, որ սա խիմերա ստեղծելու առաջին դեպքն է միմյանցից գենետիկորեն հեռու տեսակների միջեւ։
Թեպետ ստեղծված հիբրիդը ոչնչացրել են, գիտնականները պնդում են, որ այն կարելի էր պահպանել հետագայում որպես ներքին օրգանների ինկուբատոր օգտագործելու համար, որոնք կարելի կլիներ փոխպատվաստել մարդուն։ Առաջին հերթին այդ էմբրիոնների շնորհիվ կարելի է կենդանիներից դոնորական օրգաններ ստանալ, որոնք ավելի մոտ են մարդուն, եւ դա կմեծացնի հավանականությունը, որ իմունային համակարգը կմերժի դրանք։ Երկորրդ հերթին, այդ էմբրիոնների ուսումնասիրությունը նոր տեղեկություններ կտա մարդկային էմբրիոնի զարգացման վաղ փուլերի մասին։
Հետազոտության վերջնական նպատակը փոխպատվաստման համար պիտանի գործող օրգաններ ստեղծելն է, ասել է հետազոտության հեղինակ Խուան Կարլոս Բելմոնտեն։ Նա նշել է, որ այդ նպատակը դեռ հեռու է, սակայն կարեւոր քայլ է արվել։
Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Cell ամսագրում։






