Անքնությունը կարող է հանգեցնել շատ ավելի ծանր հետեւանքների, քան նախկինում համարվում էր: Ներկայիս հետազոտությունը ցույց է տվել, որ այն բերում է գլխուղեղի բջիջների կորստի:  Գիտական հոդվածը հրապարակվել է The Journal of Neuroscience.

Երկարատեւ անքնությունը մկների մոտ բերում է ուղեղի որոշ բջիջների 25 %-ի մահվան: Երբ քնի անբավարարությունը կարճատեւ բնույթ է կրում, նրանց ուղեղի բջիջներում արտազատվում է SIRT3 սպիտակուցը, որը խթանում է նեյրոնների աշխատանքը եւ պաշտպանում նրանց: Բայց եթե քնի անբավարարությունը քրոնիկ բնույթ է կրում, SIRT3-ը դադարում  է արտազատվել, եւ նեյրոնները մահանում  են:

Ամերիկացի գիտնականները պնդում են, որ եթե նշվածը հավաստի է նաեւ մարդկանց համար, ապա անիմաստ է փորձել երկարատեւ քնով «վերականգնել կորցրածը»:

Սակայն հետազոտողները ենթադրում են, որ մի օր հնարավոր կլինի ստանալ հատուկ դեղամիջոց, որը կպաշտպանի ուղեղը անքնության կողմնակի էֆեկտներից:

Փենսիլվանիայի համալսարանի բժշկական դպրոցի թիմը հետազոտության շրջանակներում ուսումնասիրել է լաբորատոր մկների քունը: Այդ նպատակով կրծողների համար արհեստականորեն ժամանակակից առօրյայում տարածված «արթուն ռեժիմ» են ստեղծել` հաշվի առնելով աշխատավայրում անցկացրած երկարատեւ հավելյալ ժամերը եւ գիշերային հերթափոխները: Գիտնականների կողմից առանձնահատուկ ուշադրության են արժանացել ուղեղի որոշ բջիջներ, որոնք աջակցում են ուղեղային ազդակներին:

Երեք օր անընդմեջ գիշերային հերթափոխով աշխատող եւ օրվա ընթացքում 4-5 ժամ քնող մարդկանց քնին համապատասխան մի քանի օրվա քնից հետո մկները կորցրել են ուղեղաբնի շրջանում տեղակայված բջիջների մոտ 25 %-ը:

Հետազոտողները պնդում են, որ սա առաջնային ապացույցն է այն բանի, որ քնի կորուստը բերում է ուղեղի բջիջների կորստի: Սակայն նրանք նաեւ ավելացնում են, որ անհրաժեշտ կլինեն բազմաթիվ հավելյալ հետազոտություններ` նախքան կարելի կլինի հայտարարել, որ նման կորուստներ տեղի են ունենում նաեւ մարդու օրգանիզմում եւ որ դրանք նույնպես անդառնալի են:

Նրա խոսքերով, հաջորդ քայլը կլինի այն մահացած մարդկանց ուղեղի բջիջների ուսումնադիրությունը, որ աշխատել են գիշերային հերթափոխով` նպատակ ունենալով ուղեղի բջիջների կորստի ցանկացած ապացույց հայտնաբերել:

Գիտնականները գտնում են, որ երկարատեւ հեռանկարում հնարավոր կլինի ստանալ հատուկ դեղամիջոց, որը կպաշտպանի ուղեղի բջիջները` քնի վերականգնմանը մասնակցող բնական քիմիական նյութերի մակարդակի բարձրացման միջոցով: