Կա այնպիսի մի տեսակետ, որ առողջ ապրելակերպը եւ ճիշտ սննդակարգը շատ թանկ արժեն։ Գտնել այս հարցի պատասխանը մեզ կօգնի մեր տրամաբանությունը, ինչպես նաեւ Երեւանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը, ով պնդում է, որ առողջ ապրելակերպը եւ  ճիշտ սննդակարգը կօգնեն խուսափել սրտանոթային համակարգի բազմաթիվ խնդիրներից։ 

Ինչ վերաբերում է առողջ ապրելակերպին, Պարունակ Զելվեյանը պնդում է, որ այն այքան էլ թանկ չէ, ինպես որոշ մարդիկ կարծում են. «Մեծ ջանքեր պետք չեն հասկանալու համար, որ ծխելը վնասակար է, կամ բացատրել երեխաներին, որ ֆիզիկական ակտիվությունը շատ կարեւոր է»:

Զելվեյանի կարծիքով, ծխախոտից հրաժարվելը ոչ միայն թանկ չէ, այլ այն  միանշանակ կօգնի տնտեսել  ընտանեկան բյուջեն։

Իսկ առողջ սնու՞նդը. Որքա՞ն թանկ արժե այն։

Իհարկե, որոշ սուպերմարկետներում վաճառվող այսպես կոչված օրգանիկ սնունդը, բավականին թանկ է։ Սակայն շատ մասնագետներ պնդում են, որ ճիշտ սնվելու համար  պարտադիր չէ գնել եւ օգտագործել այսպիսի մթերքներ։ Լավ է, որ մեզ մոտ՝ Հայաստանում, դեռեւս կա բավականին շատ եւ մատչելի,  սակայն ոչ պակաս օգտակար սնունդ։ Փորձենք  տարբերակել, ինչպիսի՞ սնունդ արժե գնել, եւ որ մթերքների հարցում արժե գումար խնայել։

Ըմպելիքներ

Մենք հաճախ գնում ենք ըմպելիքներ արհեստական  քաղցրացուցիչներով, լինեն դրանք գազավորված ըմպելիքներ, թե այսպես կոչված «բնական հյութեր»։ Գազավորված ըմպելիքների վնասակարության մասին բազմիցս խոսվել է, բայց չէ՞ որ  «բնական հյութերն» էլ բնական չեն. դրանք ոչնչով  չեն տարբերվում գազավորված ըմպելիքներից եւ պարունակում են հենց նույն քանակությամբ շաքարավազ եւ քիմիկատներ։

Այդպիսի ըմպելիքները գնում են շատ շատերը՝ անկախ եկամուտների չափից։ Այսպիսի ըմպելիքներից հրաժարվելը կօգնի գումար խնայել եւ ծախսել այն, օրինակ, ավելի օգտակար մրգերի վրա։

Մսամթերք

Մենք բոլորս հաճախ ենք գնում նրբերշիկ եւ երշիկ, որոնցում գրեթե ոչ միս կա, ոչ էլ որեւէ օգտակար նյութ։ Դրանց փոխարեն կարելի է գնել հավի միս, որի մեկ կիլոգրամը գրեթե ավելի պակաս արժե, քան  տեղական երշիկեղենի մեկ կիլոգրամը։ 

Ձուկը նույպես ավելի թանկ չէ, քան երշիկն ու նրբերշիկը։ Իհարկե, կան տարբեր ձկնատեսակներ, որոնց մեջ կան նաեւ շատ թանկաժեքները։ Բայց ցանկության դեպքում կարելի է ընտրել այն տեսակները, որոնք հարմար են Ձեր գրպանին։ Այսպես դուք կվատնեք այնքան, որքան կծախսեիք նրբերշիկի եւ երշիկի վրա, բայց ոչ հավի մսի եւ ոչ էլ ձկան մեջ  չկան այն վնասակար ճարպերը եւ քիմիական հավելումները, որոնք ցանկացած երշիկի  մասն են կազմում։

Քաղցրավենիքներ

Շատ մարդիկ դժգոհում են այն բանից, որ առողջ սնունդը թանկ արժե եւ այդ պատճառով բավականին հաճախ գնում են քացրավենիքներ, թխվածքներ, տորթեր եւ նման բաներ։ Հաշվարկեք, թե շաբաթական քանի դրամ եք ծախսում այս տեսակ ապրանքներ գնելու համար։ Դրանց փոխարեն կարելի է գնել հնդկաձավար, բրինձ, կաթնաշոռ կամ պանիր։

Միրգ եւ բանջարեղեն

Շատ երկրներում  լավ միրգն ու բանջարեղենը շատ թանկ արժեն, բայց մեզ մոտ՝ Հայաստանում, մշակում են լավ եւ էկոլոգիապես մաքուր սնունդ, իսկ սեզոնին, դրանք հասանելի են գրեթե բոլորին: Ներմուծվող բանանի եւ նարնջի փոխարեն դուք կարող եք ձեռք բերել տեղական խնձոր, կաղամբ, գազար։

Սովորաբար, խոսելով ճիշտ եւ առողջ սննդակարգի մասին, բժիշկները առաջին հերթին նշում են շաքարի եւ աղի քիչ օգտագործումը. «Դրա համար մեծ ներդրումներ պետք չեն, ընդհակառակը, եթե դուք օգտագործեք ավելի քիչ շաքար եւ աղ,  հնարավոր կլինի  ծախսել ավելի քիչ գումար դրանք գնելու համար», - ասաց Պարունակ Զելվեյանը։

Նա նաեւ նշեց, որ մեծ քանակությամբ խոլեստերին եւ կենդանական յուղ պարունակող  սնունդը նույնպես անառողջ է, եւ նրա նվազեցումը կօգնի ոչ միայն առողջությանը, այլեւ ընտանեկան բյուջեին։

Այսպիսով, առողջ սնունդը, ըստ էության,  այդքան էլ թանկ չէ, ինչպես շատերն են կարծում։ Պարզապես առողջ սնվելու համար,  պետք է  փոփոխել խանութից գնվող  մթերքների  ցանկը։