Cardiff University-ի (Մեծ Բրիտանիա) գիտնականները գենետիկ տարբերակ են հայտնաբերել՝ կապված վիրուսների նկատմամբ իմունային համակարգի հիպերակտիվ բորբոքային արձագանքի հետ: Խոսքը Ifitm3 գենի մասին է:

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ Ifitm3 գենի փոփոխված տարբերակներից մեկն էական դեր է խաղում վիրուսային ինֆեկցիայի նկատմամբ բորբոքային արձագանքի մակարդակի վերահսկման հարցում: Այդ գենը նաեւ ազդում է վիրուսային մրսածության նկատմամբ մարդկանց զգայունության վրա: Նշված  գենի տարբերակներից մեկը մարդուն վիրուսային ինֆեկցիաների նկատմամբ ավելի խոցելի է դարձնում:

 Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են մկների իմունային բջիջները՝ Ifitm3 գենի տարբերակով եւ առանց դրա: Գիտնականները ցանկացել են պարզել, թե կրծողների իմունային համակարգն ինչպես կարձագանքի ցիտոմեգալովիրուսին: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ փոփոխված Ifitm3 գենը հիպերակտիվ իմունային պատասխան է տվել վիրուսային ինֆեկցիային:

Հետազոտողների խոսքով՝ գենի այդպիսի տարբերակով հիվանդներին կարող է օգնել հակավիրուսային եւ հակաբորբոքային պրեպարատների համադրությունը: Մասնագետներն ասում են, որ իրենց եզրակացությունները վերաբերում են ոչ միայն ցիտոմեգալովիրուսին, այլ մյուս վիրուսներին նույնպես, այդ թվում՝ գրիպին: Նրանք նշում են, որ աշխարհում 400 հոգուց մեկն է համարվում նշված Ifitm3 գենի տարբերակի կրող: