Փոքրիկ Սոֆյան մեքենայում է ծնվել, երբ ծնողները՝ Փոլ եւ Ջորջինա Դոերթիները, ծննդատուն են շտապել: Շտապ օգնության բժիշկներին սպասելիս հայրը ստիպված է եղել ընդունել դստեր ծնունդն ու նորածնի պորտալարը կոշիկի քուղով կապել:

Զույգին Altnagelvin Hospital կլինիկայում սպասում էին, բայց նրանք չեն հասցրել այնտեղ հասնել. Ջորջինայի երկունքի ցավերն ուժեղացել են, եւ նա հասկացել է, որ երեխան ամեն վայրկյան կարող է ծնվել: Կանգնեցնելով մեքենան՝ Փոլը փրկարար ծառայություն է զանգահարել:

«Հաջորդ րոպեին երեխան ծնվեց, եւ ես ստիպված էի մի կողմ նետել հեռախոսը, որպեսզի բռնեմ նրան: Ես փոքրիկին Ջորջինային տվեցի, եւ նա սկսեց լաց լինել: Կարգավարն ասաց՝ պետք է հոգ տանեմ, որ նրանք երկուսն էլ չմրսեն, նաեւ ինչ-որ բան գտնեմ՝ պորտալարը կապելու համար: Այդ ժամանակ էլ վերցրեցի կոշիկիս քուղը. դա ձեռքիս տակ եղած միակ բանն էր»,- պատմել է Փոլը:

Հիմա զույգը չորս երեխա ունի, որոնց նրանք հաճույքով պատմում են այդ պատմությունը: