Ուղեղի չարորակ ուռուցքներով հիվանդներն ավելի հաճախ են բախվում թրոմբոզին, քան նման ուռուցքներ չունեցողները: Մինչեւ հիմա դրա պատճառն անհայտ էր, սակայն Medical University of Vienna-ի գիտնականներին հաջողվել է լույս սփռել օնկոհիվանդությունների եւ թրոմբոզի միջեւ կապի վրա:

Ջուլյա Ռիդլը եւ Շիհան Այը հետազոտության ընթացքում հայտնաբերել են, որ թրոմբոզների առաջացմանը մասնակցում է պոդոպլանին սպիտակուցը, որը հանդիպում է քաղցկեղային բջիջների մակրեւույթին:

Թրոմբոզները օնկոլոգիական հիվանդությունների հաճախակի բարդություն են համարվում՝ քաղցկեղով հիվանդների շրջանում թրոմբոզի հավանականությունը 4-7 անգամ մեծ է: Քաղցկեղն ազդում է արյան մակարդելիության վրա եւ կարող է մեծացնել թրոմբոզի ինտենսիվությունը: Ավելին՝ եթե օնկոհիվանդի մոտ թրոմբոզ է զարգանում, կարճ ժամանակ անց նրա մահանալու հավանականությունը մեծանում է: Դանիայում իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ մեկ տարվա ընթացքում թրոմբոզով օնկոհիվանդների ողջ մնալու հավանականությունը 12 տոկոս է կազմում՝ ընդդեմ նրանց 36 տոկոսի, ովքեր թրոմբոզի չեն բախվել:

Արյան մակարդելիության խախտման առաջացման հավանականությունը տատանվում է կախված քաղցկեղի տեսակից, եւ ուղեղի ուռուցքը թոքերի ու ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հետ միասին այս ցուցակի առաջատարն է: Դրանից բացի, այն հիվանդները, ում օրգանիզմում ուռուցքը տարածվել է, թրոմբոզը 1,9 անգամ ավելի հաճախ է առաջանում: Ուղեղի չարորակ ուռուցքներով հիվանդների շրջանում յուրաքանչյուր 5-րդ կամ 6-րդ հիվանդը տառապում է հանկարծակի թրոմբոէմբոլիայով՝ երակների խցանում արյան մակարդուկով:

Գիտնականները պարզել են, որ արյան մակարդելիության վրա զգալիորեն ազդում է պոդոպլանին սպիտակուցը: Այն «բնակվում» է ավշային համակարգում եւ մասնակցում է, օրինակ, սաղմի ավշային եւ արյունատար համակարգերի բաժանմանը: Պոդոպլանինն ակտիվ է օնկոհիվանդների հյուսվածքներում եւ կարող է, իր հերթին, մեծացնել թրոմբոցիտների ակտիվությունը, որն արյան մակարդելիության համակարգում կարեւոր բաղադրիչ է: Հետազոտության ժամանակ օգտագործվել են Վիեննայի Քաղցկեղի եւ թրոմբոզի բժշկական համալսարանի կատարած հետազոտության տվյալները, որոնք ներկայումս շարունակվում են արդեն ավելի քան 10 տարի:

Գիտնականները հատուկ տեխնիկայի միջոցով ներկել են չարորակ ուռուցքներով հիվանդներից վերցված հյուսվածքների նմուշները՝ պոդոպլանինի էքսպրեսիայի մակարդակը չափելու համար: Պարզվել է, որ այս սպիտակուցի բարձր էքսպրեսիան վկայել է հիվանդի մոտ ուղեկցող հիվանդության՝ հանկարծակի թրոմբոէմբոլիայի առկայության մասին: Ըստ որում՝ 2 տարում այս հիվանդության զարգացման վտանգը օնկոհոիվանդների շրջանում 6 անգամ մեծացել է:

Պարզելու համար, թե ինչու են հիվանդները թրոմբոզի նկատմամբ այդքան ընկալունակ, մասնագետները հետազոտել են թրոմբոցիտների կուտակումները եւ հայտնաբերել, որ այս կուտակումները որքան շատ են եղել, այնքան հիվանդի հյուսվածքներում բարձր է եղել պոդոպլանինի խտությունը: Գիտնականներին հաջողվել է լաբորատոր պայմաններում ապացուցել, որ քաղցկեղային ուռուցքների պոդոպլանին-դրական բջջային գծերը զգալի ազդեցություն ունեն թրոմբոցիտների ակտիվության վրա եւ նրանց ստիպում են միասին կուտակվել:

Այս հայտնագործությունը կարող է օգնել մշակել հանկարծակի թրոմբոէմբոլիայի կանխարգելման եւ բուժման ավելի արդյունավետ միջոցներ: