Մրգային կամ բանջարեղենային ուտեստների օրական 7 չափաբաժինը նվազեցնում է մահվան վտանգը, ասվում է նոր հետազոտության մեջ։ Բրիտանացի գիտնականները նաեւ հայտնաբերել են, որ թարմ բանջարեղենը քիչ ավելի օգտակար է, քան թարմ միրգը, իսկ պահածոյացված մրգերը կարող են նույնիսկ մեծացնել մահվան վտանգը, հաղորդում է Fox News-ը:

Հետազոտողները Անգլիայում ուսումնասիրել են 34 տարեկանից բարձր 65 000 մարդկանց սնունդի սովորությունների մասին տեղեկատվությունը: Մրգային կամ բանջարեղենային սննդի օրական 7 չափաբաժին ուտող մասնակիցների մոտ հետագա 8 տարիների ընթացքում մահվան ռիսկը 42%-ով ավելի պակաս է եղել, քան այն մասնակիցների մոտ, ովքեր ընդամենը մեկ չափաբաժին են կերել:

7 չափաբաժնից պակաս օգտագործումը նույնպես օգտակար է եղել, սակայն ոչ այնքան արդյունավետ օրգանիզմի պաշտպանման համար. այն մանակիցների մոտ, ովքեր օրական մեկից երեք չափաբաժին են կերել նույն ժամանակահատվածում մահվան հավանականությունը 14%-ով ցածր է եղել, քան նրանց մոտ, ովքեր մեկ չափաբաժնից պակաս են կերել: Համապատասխանաբար՝ 3-5 չափաբաժնի դեպքում՝ 29%-ով պակաս, իսկ 5-7 չափաբաժնի դեպքում՝ 36 %-ով:

Պահածոների կամ սառեցված մրգերի յուրաքանչյուր չափաբաժին ավելացնում է մահվան վտանգը 17%-ով: Պահածոյացված մրգերում պարունակվող շաքարի բարձր մակարդակից վնասը կարող է գերակշռել մրգերի օգտակար հատկությունները, ասում է Լոս-Անջելեսի Քալիֆորնիայի համալսարանի հետազոտող Օյինլոլա Օյիբոդը: