Օրգանիզմի բջիջները նույնպես կարող են միմյանց հետ շփվել: Նման անհրաժեշտության դեպքում նրանք մեդիատոր նյութեր են արտադրում, որոնք ընկալվում են ուրիշ բջիջների ռեցեպտորների կողմից: Նման փոխգործակցությունը օրգանիզմում ապահովում է այնպիսի համալիր պրոցեսների իրականացումը, ինչպիսին է, օրինակ, իմունային արձագանքը հիվանդության հարուցիչի ինֆեկցիային: Մաքս Պլանկի անվան կենսաքիմիայի ինստիտուտի (Մարտինսրիդ, Գերմանիա) գիտնականները մանրակրկիտ ուսումնասիրել են մարդու օրգանիզմի իմունային բջիջների միջեւ հաղորդակցության ցանցերը: Այս մասին հայտնում է Nature Immunology ամսագիրը:
Հետազոտության առաջին փուլում հոսքային ցիտոմետրիայի միջոցով տեսակավորել են առողջ մարդկանց արյան իմունային բջիջների 28 տարբեր տեսակներ: Այնուհետեւ մաս-սպեկտրաչափի միջոցով հայտնաբերվել են համապատասխան մեդիատորները, վերլուծվել է բջիջների մակերեւույթի ռեցեպտորների ամբողջությունը, հաղորդակցության պրոցեսները բջջի յուրաքանչյուր տեսակի համար առանձին են հետազոտվել:
Հետազոտությունը թույլ է տվել ուսումնասիրել իմունային բջիջների միջեւ համալիր փոխգործակցության համակարգերը, հայտնաբերվել են նախկինում անհայտ հաղորդակցության եղանակներ: Հետազոտության ընթացքում հաջողվել է որոշել բջիջների հաղորդակցային վարքի տարբերությունը, հայտնաբերվել են դրանցից ավելի կամ պակաս «շփվողները»: Գիտնականները ցույց են տվել, որ ինֆեկցիայի հարուցիչի տարբեր տեսակների դեպքում (օրինակ՝ սնկային կամ բակտերիալ) իմունային բջիջների փոխգործակցության տարբեր ցանցեր են առաջանում:






