Բուսական սպիտակուցի մեծ պարունակությամբ սննդակարգը կարող է նվազեցնել 2-րդ տիպի դիաբետի առաջացման հավանականությունը, պնդում են Արեւելյան Ֆինլանդիայի (University of Eastern Finland) համալսարանի հետազոտողները: Սակայն եթե բուսական սպիտակուցը պաշտպանական դեր է կատարում, մսի սպիտակուցը մեծացնում է 2-րդ տիպի դիաբետի վտանգը: Գիտական աշխատության արդյունքները հրապարակվել են British Journal of Nutrition ամսագրում:

Դիաբետի բուժման հիմնական բաղկացուցիչը կանոնավոր ֆիզիկական ակտիվությունն է, արյան մեջ գլյուկոզայի մակարդակի նվազեցման համար դեղամիջոցների ընդունումը եւ առողջ սնվելուն հետեւելը:

Առողջ սնունդը նախատեսում է տարատեսակ մթերքների օգտագործում, ըստ որում՝ բանջարեղենը կազմում է սննդակարգի կեսը, հատիկավոր մթերքները՝ քառորդ մասը, իսկ միսը եւ սպիտակուց պարունակող այլ մթերքները՝ եւս մեկ քառորդը: Դիետոլոգները խորհուրդ են տալիս խուսափել յուղոտ կամ մշակված մսից, իսկ որպես այլընտրանք անհրաժեշտ է ընտրել անյուղ միսը, ինչպիսին է հավի միսը, բայց առանց կաշվի:

Գիտնականները հետազոտել են սպտակուցի տարբեր աղբյուրների եւ 2-րդ տիպի դիաբետի առաջացման հավանականության միջեւ կապը: Հետազոտությանը մասնակցել է 42-ից մինչեւ 60 տարեկան 2332 տղամարդ: Հետազոտության սկզբում մասնակիցներից ոչ մեկը չի տառապել 2-րդ տիպի դիաբետով: 19 տարի տեւած դիտարկումների ընթացքում 432 տղամարդկանց մոտ 2-րդ տիպի դիաբետ է ախտորոշվել:

Հետազոտողները հայտնաբերել են, որ մսի մեծ պարունակությամբ սննդակարգը կապված է 2-րդ տիպի շաքարային դիաբետի առաջացման մեծ հավանականության հետ: Կապը պահպանվել է մսի բոլոր տեսակների օգտագործման դեպքում, այդ թվում՝ կարմիր, սպիտակ մսի եւ այլ տեսակների դեպքում:

Տղամարդկանց շրջանում, որոնք բուսական սպիտակուց շատ են օգտագործել, 2-րդ տիպի դիաբետը 35 տոկոսով հազվադեպ է առաջացել: Դրանից բացի, օրական 5 գրամով կենդանական սպիտակուցը բուսականով փոխարինելու դեպքում դիաբետի հավանականությունը 18 տոկոսով նվազել է:

Հնարավոր է, որ բուսական սպիտակուցի եւ դիաբետի հավանականության նվազման միջեւ կապը պայմանավորված է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի վրա բուսական սպիտակուցի ազդեցությամբ:

Հետազոտության ընթացքում բուսական սպիտակուցի հիմնական աղբյուրներն էին հատիկավոր մթերքները՝ լրացուցիչ աղբյուրներով, այդ թվում՝ կարտոֆիլը եւ այլ բանջարեղեն:

«Կենդանական սպիտակուցի փոխարինումը բուսականով կապված է 2-րդ տիպի դիաբետի հավանականության նվազման հետ: Այս կապն անփոփոխ է մնացել ըստ մարմնի զանգվածի ինդեքսի շտկելիս: Որպես վերջաբան կարելի է ասել, որ բուսական սպիտակուցին եւ ձվին նախապատվություն տալն օգտակար է եղել 2-րդ տիպի դիաբետի կանխման հարցում»,- ասել են հետազոտության հեղինակները:

Հետազոտողները նշում են, որ կաթի եւ ձկան սպիտակուցները կապված չեն 2-րդ տիպի շաքարային դիաբետի առաջացման հավանականության հետ: