Ամեն օր լոշտակ օգտագործեք (բրիոնիա, հայկական ժեն-շեն) ու կապրեք երկար եւ անցավ, ինչպես Գիտությունների ազգային Ակադեմիայի բիոքիմիայի ինստիտուտի տարիքային նեյրոքիմիայի լաբորատորիայի վարիչ՝ 84-ամյա Գուրգեն Ափրիկյանը: Օրական 100մգ լոշտակի չորացված խոտաբույս՝ ուտելուց 2 ժամ հետո, գարնանը եւ աշնանը, եւ 70 տարեկանից հետո երիտասարդ մնալու հնարավորություներն իրական կդառնան, համարում է Գ. Ափրիկյանը: Այս ամենին ավելացրեք ամենօրյա ֆիզիկական վարժություններ եւ առողջ սնունդ:
Ըստ Գուրգեն Ափրիկյանի պնդման՝ գիտնականների կողմից ընդունված մարդու օրգանիզմի առավելագույն հնարավոր կեցության տարիքը կազմում է 120 տարի: Սակայն գրանցվել է եզակի դեպք-բացառություն: Դա ֆրանսուհին է, ով ապրել է 121 տարի: Աշխարհում ընդհամենը 95 մարդ են ապրել մինչեւ 110-120 տարեկանը՝ առաջին անգամ բժշկի դիմելով 90 տարեկանում:
Հայաստանում իրենց երկարակյացներով կարող են պարծենալ Դիլիջանը, Գորիսը, Սեւանը: Իսկ ըստ Ափրիկյանի, հայերն այլ ազգություններից ավելի երկար են ապրում: Իսկ ինչ անել, եթե դուք ուրբանիզացիայի զոհ եք եւ մաքուր օդը, թարմ կաթը եւ երկարակեցությանը նպաստող այլ էկոլոգիապես մաքուր մթերքներ ձեզ հասու չեն:
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ֆիտոդիետոլոգ-թերապեւտ, սբ. Թերեզայի անվան բժշկական համալսարանի դասախոս Ռաֆայել Հովհաննիսյանն առաջարկում է հետեւյալը.
Նախեւառաջ չպետք է տարվել սուպերմարկետների «նվերներով»: Ավելի շատ մրիրգ, բանջարեղեն, խոտաբույսեր, բոլոր տեսակների ընկույզ եւ ավելի քիչ միս կերեք (միգուցե միայն սպիտակ միս՝ հավի եւ յուղոտ ձկան): Օգտագործեք ոչ ռաֆինացված ձեթ, օրինակ՝ «Շողակաթ»: Բացի ֆիզիկականից, հոգ տարեք նաեւ ձեր հոգեկան առողջության մասին: Ջնջեք բացասականը հիշողությունից, մի տվեք ազատություն այնպիսի բացասական էմոցիաներին, ինչպիսիք են ատելությունը, չարությունը եւ նախանձը: Նրանք ներսից քայքայում են ձեզ: Բարի, դրական մտքերը բումերանգի նման վերադառնում են:
«Ես ամեն օր նայում եմ իմ երիտասարդ տարիքի լուսանկարին եւ ինքնաներշնչման սեանս եմ կատարում՝ ինքս ինձ ասելով, որ ես ուժեղ եմ, առողջ, երիտասարդ եւ երջանիկ»,- կիսվեց Հովհաննիսյանը սեփական փորձով:
Իսկ Գուրգեն Ափրիկյանը ցույց տվեց իր կատարած ամենօրյա շնչառական վարժությունները: Կանայք խորը ներշնչում են կրծքավանդակով, իսկ տղամարդիկ՝ որովայնով, ապա մինչեւ վերջ արտաշնչում են ներշնչված օդը: Նաեւ վարժություններ գլխի համար: Դա գլխի կտրուկ թեքումներն են առաջ եւ կողք 10-ական անգամ:
Յանա Ավչիյան






