Tokyo Metropolitan Institute of Gerontology-ի մասնագետները գեն են գտել, որի շնորհիվ որոշ մարդիկ մինչեւ 100 տարեկանն են ապրում: Ճապոնացի գիտնականները վերլուծել են 80 տարեկանից փոքր 4312 եւ 95 տարեկանից բարձր 530 կամավորի տվյալները (վերջին խմբի մարդկանց մեծ մասը 100 տարեկանն անց է եղել):
Մասնագետները պարզել են, որ երկարակյացների մոտ CLEC3B գենը որոշակի առանձնահատկություններ ունի: CLEC3B գենը կոդավորում է տետրանեկտին սպիտակուցը, որը կանխում է քաղցկեղի տարածումն ու նպաստում ոսկրային հյուսվածքի ձեւավորմանը:
Հետազոտողների կարծիքով՝ իրականում երկարակեցությունը CLEC3B գենից կախված է առավելագույնը 30%-ով: Մնացյալի համար պատասխանատու են առողջ սննդակարգն ու կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը:
Փորձագետները կարծում են, որ հետագայում այլ հետազոտություններ են անհրաժեշտ՝ պարզելու համար, արդյո՞ք կարելի է երկարակեցությունը կապել միայն մեկ գենի հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բոստոնի համալսարանի մասնագետները վերլուծել էին չորս հետազոտությունների տվյալներ եւ 4-րդ ու 7-րդ քրոմոսոմներում եզակի գենետիկ տարբերակներ գտել, որոնք կապ ունեն երկարակեցության հետ: Որոշները նաեւ նվազեցնում են Ալցհեյմերի եւ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը:






