Քրոնիկական հիվանդությունները զգալիորեն մեծացնում են ինքնասպանության հավանականությունը, եթե նույնիսկ հիվանդները հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ չունեն: Այս մասին է վկայում հետազոտությունը, որը հրապարակվել է American Journal of Preventive Medicine-ում:

Հետազոտության մեջ ընդգրկվել է 2674 մարդ, որոնք ինքնասպան են եղել 2000-ից 2013 թվականների ժամանակահատվածում, նաեւ ստուգիչ խմբի 267,400 մարդ:

Հետազոտողները պարզել են, որ հետազոտված 19 հիվանդություններից 17-ը կապված էր ինքնասպանության հավանականության մեծացման հետ: Դրանց են վերաբերում՝ ասթման, թիկունքում ցավերը, գանգուղեղային վնասվածքը, քաղցկեղը, մշտական սրտային անբավարարությունը, թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդությունը, դիաբետը, էպիլեպսիան, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, սրտի հիվանդությունները, հիպերտոնիան, միգրենը, Պարկինսոնի հիվանդությունը, երիկամային անբավարարությունը, քնի խանգարումը եւ կաթվածը:

Գիտնականները նաեւ հայտնաբերել են, որ քնի խանգարումները եւ ՄԻԱՎ-ը կամ ՁԻԱՀ-ը ինքնասպանության հավանականությունը մեծացնում են գրեթե 2 անգամ, մինչդեռ գանգուղեղային վնասվածքը ինքնասպանության հավանականությունը 9 անգամ է մեծացնում:

Այս հետազոտությունն անչափ կարեւոր է հասկանալու համար, թե ինչպես է հնարավոր ինքնասպանության պատճառով մահացությունը կրճատել ներհիվանդանոցային կանխարգելիչ միջոցառումներով:

ԱՄՆ-ում ինքնասպանությունների վիճակագրությունը բավականին ոչ մխիթարական է. ինքնասպանությունը մնում է մահացության հիմնական գործոնը, Ամերիկայում ինքնասպանության հետեւանքով տարեկան մահանում է մոտ 450 հազար մարդ, յուրաքանչյուր 100 հազար մարդուց 12,9 մարդ: Վերջին 17 տարիներին ինքնասպանության հետեւանքով մահվան դեպքերի քանակը 24 տոկոսով ավելացել է:

Աշխարհում ինքնասպանությունների ամենաբարձր մակարդակը Գայանայում է (100 հազար մարդու հաշվարկով տարեկան  44,2 դեպք): Ամենացածր մակարդակը Սաուդյան Արաբիայում եւ Սիրիայում է (100 հազար մարդու հաշվարկով տարեկան 0,4 դեպք):