Բազմաթիվ հետազոտություններով պարզվել է, որ աղիքների միկրոֆլորան կարող է ազդել մարդու քաշի, նրա ախորժակի եւ համային զգացողությունների ընկալման, իմունիտետի, օրգանիզմի ծերացման արագության եւ նույնիսկ արտաքինի վրա։ Այժմ, սակայն, գիտնականները պարզել են, որ աղիքային բակտերիաները կարող են ազդել նաեւ մեր էմոցիոնալ վիճակի վրա։
Մինչեւ հիմա փորձեր են անցկացվել միայն կրծողների վրա, որոնց արդյունքում նրանց էմոցիոնալ եւ սոցիալական վարքի կախվածություն է հայտնաբերվել աղիքային միկրոֆլորայի բաղադրությունից։ Մինչ օրս մարդկանց վրա համանման հետազոտություններ չէին կատարվել։ Իսկ հիմա գիտնականները նման հետազոտություն են կատարել բժիշկ Քրիսթեն Թիլիշի ղեկավարությամբ, որը Լոս Անջելեսի (ԱՄՆ) Vatche and Tamar Manoukian Division of Digestive Diseases-ի ադյունկտ պրոֆեսոր է։
Հետազոտության ընթացքում, որը հրապարակվել է Psychosomatic Medicine: Journal of Behavioral Medicine ամսագրում, բժիշկ Թիլիշը հետազոտել է 40 կանանց աղիների միկրոֆլորան, այնուհետեւ նրանց ուղեղի ՄՌՏ է կատարել մարդկանց պատկերների, իրերի կամ գործողությունների դիտման ժամանակ, որոնք դիտող կանանց մոտ էմոցիոնալ ուժեղ ռեակցիաներ են առաջացրել։ Կանայք 2 խմբի են բաժանվել՝ ըստ աղիների բակտերիաների բաղադրության․ 33-ի մոտ ավելի շատ են եղել բակտերոիդների կարգի բակտերիաները, մնացյալ յոթի մոտ ավելի շատ են եղել պրեւոթելերը։
Պարզվել է, որ աղիներում բակտերոիդներ ունեցող կանանց խմբում ուղեղի ճակատային կեղեւում եւ հավասարագծերում (ուղեղի հատված, որը կապված է բարդ տեղեկատվության մշակման համար) գորշ նյութի հաստությունը զգալիորեն մեծ է եղել։ Նրանց մոտ մեծ էր նաեւ հիպոկամպի ծավալը՝ ուղեղի հատված, որը զբաղվում է հիշողության մշակմամբ։ Նրանք, որոնց մոտ ավելի շատ են եղել պրեւոթելերը, հակառակը, ավելի մեծ կապեր են ունեցել ուղեղի էմոցիոնալ, տեսողական եւ սենսորային հատվածների միջեւ եւ որոշ հատվածներում, օրինակ՝ հիպոկամպում գլխուղեղի ավելի փոքր ծավալներ։ Այս խմբում հիպոկամպն ավելի պակաս ակտիվություն է դրսեւորել բացասական էմոցիաներ առաջացնող պատկերները դիտելիս։ Նրանք նաեւ բացասական պատկերներով լուսանկարները դիտելիս ավելի ուժգին բացասական զգացումներ են արտահայտել, ինչպիսին են անհանգստությունը, հուզումը եւ գրգռվածությունը, քան բակտերոիդներով կանայք։
Այս հետազոտության արդյունքները հաստատում են առողջ մարդկանց աղիքային միկրոֆլորայի եւ ուղեղի ֆունկցիաների միջեւ փոխադարձ կապի տեսակետը։ Հետազոտողները դեռեւս չգիտեն՝ աղիների բակտերիանե՞րն են արդյոք ազդում ուղեղի գործառնության վրա, թե՞ հակառակը՝ ուղեղի կառուցվածքի տարբերություններն են ազդում աղիներում գտնվող բակտերիաների տեսակի վրա։ Մինչդեռ այս 2 տարբերակն էլ մարդկային էմոցիաների հետազոտման մեջ կարող են կարեւոր փոփոխությունների հանգեցնել։






