Ներկայում 1-ին տիպի դիաբետն անբուժելի հիվանդություն է համարվում: Սակայն Թեխասի համալսարանի ամերիկացի գիտնականներն այս հիվանդության բուժման մեջ իսկական բեկում են մտցրել, որի արդյունավետությունը, իհարկե, առայժմ հաստատվել է միայն մկների մասնակցությամբ հետազոտությամբ:

Գիտնականներն օգտագործել են առաքիչ-վիրուսը, որը հատուկ գեներ է ներդնում, պատասխանատու է ենթաստամոքսային գեղձում ինսուլինի արտադրման համար: Օրգանիզմ մտնելով` վիրուսը փոխել է ենթաստամոքսային գեղձի բջիջները (սակայն ոչ բետա բջիջները)` ստիպելով ինսուլին արտադրել, բայց միայն ի պատասխան օրգանիզմի մեջ գլյուկոզայի հայտնվելուն: Հենց այսպես են աշխատում ենթաստամոքսային գեղձի  նորմալ բետա բջիջները. 1-ին տիպի դիաբետի դեպքում իմունային համակարգի հարձակման հետեւանքով այս բջիջները դադարում են նորմալ աշխատել եւ ինսուլին արտադրել:

Գիտնականներն առաջարկվող մոտեցման արդյունավետությունը ապացուցել են կրծողների օրինակով, որոնց մոտ գլյուկոզայի մակարդակը ստուգել են օրական 4 անգամ: Կրծողների բուժումը շարունակվել է մեկ տարի` առանց նկատելի կողմնակի էֆեկտների:

Գիտնականները ենթադրում են, որ մարդկանց շրջանում այս մեթոդի կիրառման դեպքում նույնպես իմունային համակարգի կողմից կողմնակի էֆեկտների բացակայություն կնկատվի: Հարկ է ասել, որ օգտագործված համակարգն արդեն հաջողությամբ ստուգել են նաեւ այլ հիվանդությունների համար` ներառյալ մանկական հազվագյուտ հիվանդությունները: Գիտնականներն առաջիկայում պատրաստվում են կրծողների վրա փորձարկումներից անցնել խոշոր կենդանիների հետ աշխատելուն: Առայժմ հայտնի չէ, թե նրանք երբ կանցնեն մարդկանց մասնակցությամբ փորձարկումներին: