«Նորք» հոգեբուժական կլինիկայում հիվանդներին պահելն ավելի թանկ արժե, քան մյուս բժշկական կենտրոններում, եւ սա «Նորք» ու «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկաների միաձուլման 2 հիմնական պատճառներից մեկն է: NEWS.am Medicine-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:
Նրա խոսքով` «Նորք» կլինիկայում մեկ հիվանդին պահելը 3 անգամ ավելի թանկ է, քան ամենախնայողական բժշկական կենտրոններում, եւ գրեթե 2 անգամ ավելի թանկ է, քան երկրում միջին ցուցանիշն է:
Դրանից բացի, նախարարի խոսքով, «Նորքում» այսօրվա դրությամբ բուժում եւ խնամք է ստանում մոտ 150 հիվանդ, սակայն մյուս երկու հոգեբուժական կլինիկաներում 500 լրացուցիչ հիվանդի ռեզերվ կա: Եվ եթե «Նորքից» 150 հիվանդները «Նուբարաշեն» եւ «Ավան» տեղափոխվեն, ինչպես նշեց նախարարը` «հիվանդանոցների հարցը կլուծվի, իսկ մեզ մոտ եւս 300 հիվանդի ռեզերվ կմնա»:
Հիշեցնենք, որ ԱՆ գլխավոր հոգեբույժ եւ «Նուբարաշեն» կլինիկայի տնօրեն Սամվել Թորոսյանի պաշտոնանկությունից հետո «Նուբարաշենի» տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Գագիկ Միրիջանյանը, որը մինչ այդ ղեկավարել է «Նորք» կլինիկան:
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը հայտնել է, որ 2 կլինիկաները` «Նորքը» եւ «Նուբարաշենը» կմիավորվեն, սակայն անձնակազմի կրճատում չի լինի: Մինչդեռ տեղեկություններ կան, որ կրճատումներ են նախատեսվում ոչ միայն «Նորքում», այլ նաեւ «Նուբարաշենում»:
Նշենք նաեւ, որ «Նորք» կլինիկայի անձնակազմը չի հասկանում, թե ինչու է ընդունվել հատկապես իրենց կլինիկան փակելու որոշում, քանի որ իր «վարկանիշով» այն ոչ թե վատ կլինիկա չէ, այլ իր տեղադրությամբ լավագույնն է: Կլինիկան 113 աշխատակից ունի, այն պաշտոնապես մի շարք վճարովի ծառայություններ է մատուցում, եւ ոչ միայն պետական ֆինանսավորում է ստանում, այլեւ հարկեր է մուծում, այսինքն` կլինիկան վնասով չի աշխատում, ընդգծում են աշխատակիցները:






