Սեուլի ազգային համալսարանի կորեացի գիտնականներն առանց հակաբիոտիկների օգտագործման սեպսիսը հաղթահարելու նոր միջոց են գտել: Նրանք պարզել են, որ ցերիումի նանոմասնիկները, որոնք խառնված են ցիրկոնիումին, ներգործում են որպես արդյունավետ հակաօքսիդանտներ, որոնց օգտագործումը զգալիորեն մեծացնում է սեպսիսի ժամանակ վերապրելիության ցուցանիշները:
Նոր դեղամիջոցի ազդեցությունը կապված է թթվածնի ռադիկալներին միանալու հետ, որոնք արտադրվում են տեղային ինֆեկցիաների ազդեցությանը օրգանիզմի իմունային պատասխանի ընթացքում: Սեպսիսի առանձնահատկությունն այն է, որ ուժեղ օքսիդացնողի ազդեցության հետեւանքով առաջանում է բջիջների հեղեղակերպ կործանում եւ բորբոքման սրընթաց տարածում հարեւան օրգաններում ու ընդհանրապես ամբողջ օրգանիզմում: Կորեացի գիտնականների խոսքով` նոր դեղամիջոցը կասեցնում է թթվածնի ազդեցության կործանարար պրոցեսը` ճանապարհ հարթելով սեպսիսի բուժման նոր սխեմաների համար:
Այս հայտնագործությունն անչափ ժամանակին է արվել, քանի որ վերջին շրջանում հակաբիոտիկներն ավելի հաճախ են արդյունավետությունից զրկվում որոշ հիվանդությունները բուժելիս` դրանց ազդեցության նկատմամբ բակտերիաների ռեզիստենտության աճի պատճառով: Այս պատճառով գիտնականները որոշել էին իրենց ուշադրությունը կենտրոնացնել այն դեղերի վրա, որոնք պետք է հաղթահարեն բորբոքման հարուցիչները, այլ ոչ բորբոքային պրոցեսը:
Հայտնագործության հիմքում ընկած է թթվածնի ազատ ռադիկալների չեզոքացման սովորական քիմիական ռեակցիան: Ցիրկոնիումի երկօքսիդը կարող է արագորեն վերցնել ցերիումի էլեկտրոնները 2 մետաղների փոխազդեցության պրոցեսում: Ըստ որում` ցերիումը, գործելով որպես ակտիվ վերականգնող` +3 լիցքով, միացնում է թթվածնի ազատ ռադիկալները` վերափոխելով գերօքսիդային անիոնի: Փաստորեն սա նշանակում է, որ ցերիումը բջիջների մնացորդներից ավելի արագ է այրվում` նրանցից խլելով թթվածինը եւ թույլ չի տալիս բջիջների ինքնաոչնչացման ռեակցիային հեղեղակերպ տարածվել:
Կենդանի բջիջներում այս պրոցեսն ընթանում է 2 պայմանների պահպանման դեպքում` առաջինը նանոմասնիկների չափի եւ բնույթի ճիշտ համադրությունն է: Երկրորդ` ցերիումի իոնները պետք է հասանելի լինեն նանոմասնիկների մակերեւույթին:
Հետազոտության հեղինակների խոսքով` նանոմասնիկները բորբոքային ռեակցիաների ինքնաինդուկցիային արդյունավետորեն խոչընդոտել են սեպսիսի 2 մոդելներում` բջջային կուլտուրաներում եւ կրծողների մոտ: Լուսածորային մանրադիտակի օգնությամբ գիտնականները պարզել են, որ նանոմասնիկներն այն օրգաններում են կուտակվել, որտեղ նկատվել են իմունային ակտիվ պրոցեսներ, եւ այնտեղ նրանք միանգամայն հաջողությամբ ոչնչացրել են թթվածնի ակտիվ ձեւերը` զգալիորեն մեծացնելով փորձերին մասնակցած առնետների եւ մկների վերապրելիությունը: Գիտնականները հույս ունեն, որ այս մեթոդը սեպսիսի հետեւանքների բուժման հաջող այլընտրանք կլինի այն դեպքերում, երբ հակաբիոտիկաթերապիան անարդյունավետ է եղել:






