Ձմերուկի մասին բազմաթիվ առասպելներ են պտտվում, եւ ամենահայտնին վերաբերում է դրա դիետիկ հատկություններին. շատերը վստահ են, որ ձմերուկը գերազանցապես ջրից է կազմված, եւ այն հաճախ օգտագործելու դեպքում կարելի է նիհարել:

Դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանի պնդմամբ՝ դա ճիշտ չէ: Մասնագետի խոսքով՝ ձմերուկը պարզապես ջուր չէ, այլ շաքարային ջուր, հետեւաբար՝ այն ոչ միայն չի նպաստի նիհարելուն, այլեւ կօգնի ավելորդ կիլոգրամներ հավաքել, հատկապես այն պանրով ուտելու դեպքում:

Մասնագետի խոսքով՝ ձմերուկը բարձր գլիկեմիկ ինդեքսով մթերք է: Երբ ձմերուկ ենք ուտում, արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կտրուկ բարձրանում է, եւ օրգանիզմը սկսում է ակտիվորեն ինսուլին արտադրել: Ավելորդ գլյուկոզան կարող է ճարպերի կուտակում առաջացնել:

100 գրամ ձմերուկում շուրջ 30 կկալ կա: Առաջին հայացքից շատ չէ, բայց հարկավոր հաշվի առնել, որ քչերն են 100 կամ նույնիսկ 200 գրամ ձմերուկ ուտում: Բարձր գլիկեմիկ ինդեքսի պատճառով ձմերուկը հակացուցված է դիաբետով տառապողներին: Մասնագետի խոսքով՝ դիաբետով հիվանդները կարող են օրական 70 գրամ ձմերուկ ուտել:

Հարկ է նկատել, որ բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող մթերքները նաեւ ախորժակ են գրգռում. ձմերուկ ուտելուց 20-30 րոպե անց կրկին ուտելու ցանկություն կունենաք եւ, դիետոլոգի պնդմամբ, ինչ-որ շատ կալորիական բան կուտեք:

Հիշեցնենք, որ խորհուրդ է տրվում միայն ամբողջական ձմերուկ գնել. եթե այն կտրված է կամ կոտրված, դրանում կարող են տարատեսակ բակտերիաներ լինել. ձմերուկի խոնավ-քաղցր միջավայրը մանրէներին ապահովում է ե՛ւ խոնավորությամբ, ե՛ւ սննդով՝ արագ բազմանալու համար:

Խորհուրդ է տրվում ձմերուկը լվանալ, իսկ հետո կտրել մաքուր դանակով: Կտրված ձմերուկը սառնարանում կարելի է պահել մեկ, առավելագույնը երկու օր: Կտրված ձմերուկը պետք է սառարանում պահել փակ տարայում, որտեղ այն չի դիպչի այլ մթերքների: