Օրեգոնի համալսարանից ամերիկացի գենետիկները առաջին անգամ Crispr-Cas9 տեխնոլոգիայի միջոցով մարդու էմբրիոնում «խմբագրել են» մուտացիաները, որոնք կարող են հիվանդությունների պատճառ դառնալ։ Այս մասին հոդվածը հրապարակվել է Nature պարբերականում։

Հետազոտության ընթացքում գիտնականները դոնոր ձվաբջիջները պտղավորել են սպերմատոզոյիդներով, որոնք պարունակել են գեն, որը սրտային անբավարարվածություն առաջացնող հակվածություն ուներ։ Ձվաբջջի՝ պտղավորվելուց հետո, գիտնականները կիրառել են գեները «խմբագրելու» համար նախատեսված Crispr-Cas9 տեխնոլոգիան, որը աշխատում է ինչպես մկրատ՝ կտրելով գենի թերի մասերը։ 

Խնդրահարույց մասերի կտրվելուց հետո բջիջները կարող են վերակագնվել առողջ մասերի հետ միասին եւ նման կերպ ազատվել հիվանդության պատճառ հանդիսացող մուտացիայից։ 58 էմբրիոններից 42-ն այնպես են խմբագրվել, որ նրանց մոտ մուտացիա չառաջացավ, այսինքն՝ հիվանդությունը խոչընդտովեց, որը 50 տոկոս հավանականությամբ կարող էր ի հայտ գալ։

Եթե այդ էմբրիոններին թույլ տրվեր զարգանալ, դրանց պտուղը սրտային անբավարարվածություն չէր ունենա։ Սակայն հետազոտությունից մի քանի օր անց գենետիկները ոչնչացրեցին էմբրիոնները։

«Այդ թերապիայի շնորհիվ տվյալ էմբրիոնի յուրաքանչյուր սերուն կազատվեր սրտի հետ կապված խնդիրներից, քանի որ մենք հեռացրեցինք սրտային անբավարարվածության հետ կապված գենը։ Այս մոտեցումն օգտագործելով՝ մենք շատ ընտանիքների կարող ենք ազատել այդ  հիվանդություններից  եւ ի վերջո ջնջել մարդկությունից այդ մուտացիան»,-հայտարարել է հետազոտողներից Շուկրատ Միտալիպովը։

Հետազոտությունը ցույց է տալիս, որ շուտով գիտնականները կկարողանան խմբագրել գենետիկ մուտացիաները՝ հիվանդ երեխաների ծնունդը կանխելու համար։ Տեխնիկան ի վերջո բժիշկներին թույլ կտա էմբրիոններին ազատել ժառանգական հիվանդություններից՝ մինչեւ դրանց՝ պտուղ դառնալը։

Չնայած գիտնականները խմբագրել են միայն հիվանդություններ առաջացնող մուտացիաները, նրանք նաեւ փոխել են բջջի հիմքում ընկած ԴՆԹ-ի միջուկը։ Այն ազդում է մարդու ինտելեկտի, հասակի, արտաքին, աչքերի գույնի եւ այլ բաների վրա։

Գիտնականները նշում են, որ այժմ անհրաժեշտ է հնարավորին շուտ լուծել բոլոր իրավաբանական խնդիրները եւ որոշել էմբրիոնի գենոմը խմբագրելու բարոյական ասպեկտները՝ հիվանդությունները բուժելու նպատակով։ Այդ ոլորտում որոշակիության բացակայությունը մեծ ազդեցություն ունի հետազոտողների հնարավորությունների վրա։