Մենք հրաժարվել ենք ալյուրի հարստացման ծրագրի իրականացումից այն տեսքով, որով մենք այն ի սկզբանե էինք ուզում իրականացնել, բայց դա չի նշանակում, որ մենք ընդունել ենք քննադատությունն ու ամբողջությամբ հրաժարվել ենք դրանից։ Այս մասին օգոստոսի 15-ին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու է կառավարությունը նորից օրակարգ մտցրել ալյուրի հարստացման հարցը, եթե 2015-2016 թթ․ հետազոտությունները ցույց են տվել սակավարյունության կրկնակի կրճատում, որից հետո հարցը կարծես փակվել էր։
«Մենք պարզապես փոխում ենք մեր ռազմավարությունը»,- ասել է նա։
Սերգեյ Խաչատրյանի խոսքով՝ ԱՆ-ն ընդունել է քննադատությունն այն մասով, որ Հայաստանում սակավարյունության տարածման աստիճանի մասին իրոք պետք են ավելի պրոֆեսիոնալ ու խորքային հետազոտություններ։ Ընդ որում նա նշել է, որ նույնիսկ 2016-ի դրությամբ սակավարյունության նվազած ցուցանիշը՝12 տոկոսը ամենեւին էլ ցածր չէ։
«Սա հանրային առողջապահության խնդիր է։ Մենք պետք է ավելի մանրակրկիտ, ավելի նուրբ մեթոդներով իրականացնենք հետազոտություն բնակչության շրջանում՝ ավելի ճշգրիտ տվյալներ ստանալու համար։ Մենք պետք է հասկանանք,կարող ենք արդյոք սննդի կամ հաբերի միջոցով թիրախային խմբերին ապահովել պակասող տարրերով։ Այսինքն մենք մի քիչ փոխում ենք ուղին։ Երբ մենք ունենանք հետազոտությունների արդյունքները, ու հասարակայնության կողմից տվյալ խնդրի ճիշտ ընկալումը, այդ ժամանակ էլ կգա ճիշտ ժամանակը տվյալ հարցում առաջ շարժվելու համար»,- ասել է նա։
Փոխնախարարը հավելել է, որ եթե սակավարյունության ցուցանիշի նվազման միտումը պահպանվի՝ ապա ալյուրի պարտադիր հարստացման մասին այլեւս խոսք չի լինի, բայց եթե մանրակրկիտ հետազոտությունը նորից բացահայտի սակավարյունության տարածվածության բարձր ցուցանիշներ, ապա կառավարությունը ստիպված կդիմի որոշակի ժամանակով ալյուրի պարտադիր հարստացման քայլին։






