Տագնապալի վիճակների զարգացման մեջ մեծ դերակատարում կարող են ունենալ աղիքային բակտերիաները: Այս մասին հայտնում են Քորքի համալսարանական քոլեջի գիտնականները:
Նրանք հետազոտություններ են իրականացրել մկների վրա եւ հայտնաբերել, որ տագնապի մակարդակը կախված է ուղեղի միկրոՌՆԹ-ից: ՄիկրոՌՆԹ-ն կարեւոր դերակատարում ունի գեների էքսպրեսիայի պրոցեսում:
Գիտնականները ստերիլ պայմաններում մկների են աճեցրել: Այսպիսի կրծողները, որպես կանոն, տառապել են տագնապով, ունեցել են դեպրեսիայի ախտանիշներ եւ հաղորդակցության խանգարումներ: Հետազոտությամբ պարզվել է, որ նշաձեւ մարմնում 103 միկրոՌՆԹ-ի եւ ճակատային կեղեւում 31 միկրոՌՆԹ-ի մակարդակները տարբերվել են սովորական մկների եւ այն կենդանիների մոտ, որոնք ստերիլ պայմաններում են հասունացել:
Մասնագետների խոսքով՝ կարծիք կա, որ միկրոՌՆԹ-ի խնդիրները հոգեկան խանգարումներ են առաջացնում, որոնք կապված են սթրեսի, նեյրոդեգեներատիվ հիվանդությունների եւ զարգացման խանգարումների հետ: Ամենայն հավանականությամբ, այս հիվանդությունների առաջացման հավանականությունը որոշում են աղիներում բնակվող բակտերիաները:






