Պերֆեկցիոնիզմը, մասնավորապես «իդեալական լինելու» ձգտումը, կատարելության հասնելու փորձերից ժամանակին հրաժարվելու անկարողությունը կարող են սպանել մարդուն, վստահեցնում են Օնտարիոյի համալսարանի գիտնականները։ Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Personality ամսագրում։
Հետազոտողները վերլուծել են հոգեբույժների ու հոգեբանների 50 տարվա զեկույցների մեծ ծավալ։ Աշխատանքի ընթացքում հաշվի են առնվել ավելի քան 11 700 հիվանդների տվյալները։ Հետազոտության նպատակն է եղել պարզել՝ արդյոք պերֆեկցիոնիզմը կարող է նպաստել սուիցիդալ մտքերին կամ սուիցիդալ վարքագծին։
Հաշվի են առնվել պերֆեկցիոնիզմի տարբեր տեսակներ՝ այդ թվում «սեփական անձին ուղղված», «ուրիշներին ուղղված» , նաեւ «սոցիալապես թելադրված», որը ներառում է «ծնեղների ճնշումը» կամ ընդհանուր «հասարակության ճնշումը» («self-orientedperfectionism», «other-orientedperfectionism», «sociallyprescribedperfectionism»).
Վերլուծելով այդ տվյալները՝ գիտնականները հայտնաբերել են, որ պերֆեկցիոնիզմի 15 տարատեսակներից 13-ը կայուն ասոցիացիաներ են դրսեւորել հաճախակի սուիցիդալ մտքերի հետ։ Ընդ որում «շրջապատի ակնկալիքները չարդարացնելու» մտավախության հետ կապակցված պերֆեկցիոնիզմի դեպքում ինքնասպանության մասին մտքեր առավել հաճախ են գրանցվել։
«Պերֆեկցիոնիստները իրենք իրենց համար վատագույն քննադատներն են։ Պերֆեկցիոնիստն ամեն անգամ ինքն իր առաջ դնում է նորանոր նպատակներ, ընդ որում յուրաքանչյուր հաջորդ անհասանելի նպատակն ընդամենը եւս մեկ առիթ է հիասթափության ու սուիցիդալ մտքերի համար» ,- նշում են հետազոտողները։
Աշխատանքի արդյունքները հաստատում են այն նախնական ենթադրությունը, որ պերֆեկցիոնիզմի բարձր մակարդակով մարդիկ, ըստ երեւույթին, մտածում, իրենց պահում ու շրջապատի հետ հարաբերությունները կառուցում են այնպիսի միջոցներով, որոնք սուիցիդոգեն հետեւանքներ ունեն։






