Կոպենհագենի համալսարանի աշխատակիցները պարզել են, որ ցողունային բջիջները կարելի է հաջողությամբ վերածել ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջների, որոնք ինսուլին են արտադրում։ Նման բջիջները դիաբետիկներին փոխպատվաստելը կարող է իսկական բեկում մտցնել դիաբետի բուժման հարցում։
Հետազոտողները ուսումնասիրել են, թե օրգանիզմում ինչպես են առաջանում «խողովակների» բարդ համակարգերը, որոնցով իրականացվում է հեղուկների ու գազերի փոխադրումը։ Նրանք պարզել են, որ այլ բջիջներ ստանալու համար անհրաժեշտ է կարգավորել բջիջների բեւեռականությունը (ցիտոպլազմայի պարունակության ասիմետրիկ բաշխում)։
Գիտնականները համարում են, որ պետք է ավելի շատ բան պարզել այն ազդանշանների մասին, որոնք մկների օրգանիզմում բջիջներին ստիպում են դառնալ խողովակներ ձեւավորող բջիջներ, այնուհետեւ՝ ենթաստամոքսային գեղձի բետա -բջիջներ։ Դա թույլ կտա մարդու ցողունային բջիջներից ստեղծել բետա բջիջներ ։ Հետազոտությունը ցույց է տվել, որ ազդանշանը (աճի էպիդերմալ գործոնի ուղին) խողովակների ու բետա բջիջների առաջացումը վերահսկում է բեւեռականության փոփոխության օգնությամբ։






