Էստրոգենների ու բազադոկսիֆենի գործածումով համակցված հորմոնալ թերապիան կարող է ամապնդել կանանց առողջությունը դաշտանադադարի ժամանակ՝ առանց բարձրացնելու քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Նման եզրակացության են հանգել Իլինոյսի համալսարանի գիտնականները։

Դաշտանադադարի ժամանակ կանայք հաճախ են բախվում տհաճ ախտանիշների՝ օրինակ հոգնածության, դյուրագրգռվածության, գիշերային քրտնարտադրության, նաեւ՝ առհոսումների։ Որոշ դեպքերում գինեկոլոգները կանանց խորհուրդ են տալիս սկսել հորմոնափոխարինող թերապիա՝ էստրոգենային դեղորայքների հիմքով, քանի որ այդ հորմոնի արտադրությունը դաշտանադադարի ժամանակ օրգանիզմում նվազում է։ Սակայն հայտնի է, որ որոշ ուռուցքների, այդ թվում կրծքի քաղցկեղի համար էստրոգենը յուրատեսակ վառելիք է, իսկ օրգանիզմում դրա արհեստական աճը բարձրացնում է նաեւ ուռուցքի զարգացման հավանականությունը։ Հիմա ամերիկացի գիտնականները պարզել են, որ էստրոգենների ու բազադոկսիֆենի համակցված գործածումը ապահովում է անհրաժեշտ էֆեկտը՝ առանց ուռուցքների առաջացման հավանականությունը բարձրացնելու։

Գիտնականները լաբորատոր մկների հետ փորձ են իրականացրել, հեռացրել են մկների ձվարանները, այնուհետեւ ներգործել դրանց վրա էստրոգենի ու բազեդոկսիֆենի համակցված դեղամիջոցով, ինչը հանգեցրել է մետաբոլիզմը լավացնող ու քաշի ավելացումը կանխող գեների արտահայտվածության ուժեղացմանը։ Ընդ որում արգանդի լրացուցիչ ստիմուլյացիա եւ վերարտադրողական համակարգի ուռուցքների առաջացման հավանականության աճ չի նկատվել։ Մետաբոլիզմի մակարդակը գնահատվել է արյան մեջ 150 քիմիական նյութերի անալիզի միջոցով։ Ընդ որում մկները կալորիաների 45 տոկոսը ստանում էին ճարպերից։ Կրծողներին կամայական սկզբունքով բաժանել են հինգ խմբերի, որոնցից յուրաքանչյուրը 6 շաբաթվա ընթացքում ենթարկվել է էստրոգենի ու բազեդոկսիֆենի զանազան համակցումների ազդեցությանը։

Փորձերի ավարտից հետո մկներին քնեցրել են, իսկ հետո կշռել դրանց ադիպոզային ճարպային հյուսվածքի ծավալը, այդ թվում սպիտակ հյուսվածքը, որը պահում է էներգիան լիպիդների ձեւով, նաեւ դրա այլ ձեւերը, որոնք կապակցված են երկրորդ տիպի դիաբետի, ինսուլինի հանդեպ կայունության, բորբոքումների ու այլ հիվանդությունների հետ։ Հետազոտությունը ցույց է տվել , որ էստրոգենի ու բազեդոկսեֆենի համակցումը կանխում է նաեւ քաշի ավելացումը, որը հաճախ է նկատվում դաշտանադադարից հետո։ Հետեւաբար հենց այդ կոմբինացիան կարելի է իդեալական համարել հորմոնափոխարինող թերապիայի շրջանակում։